Վարորդական իրավունքի վկայական ստանալու գործնական քննությունը իրական պայմաններում հանձնելը պարտադիր կդառնա 2022 թվականի ապրիլի 25-ից: Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է Ներքին գործերի նախարարության նախաձեռնած օրինագիծը:
«2022 թվականի ապրիլի 25-ից պարտադիր կդառնա վարորդական իրավունքի գործնական քննությունը իրական պայմաններում հանձնելը: Առաջին փուլում սա կվերաբերի «B» և «BE» կատեգորիայի ավտոմեքենաներին, իսկ 2022 թվականի նոյեմբերի 7-ից իրական պայմաններում քննությունը պարտադիր կդառնա բոլոր կատեգորիաների վարորդական իրավունք ստանացողների համար», – հայտարարել է ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Տաբատաձեն։
Վարորդական քննության գործնական մասը կլինի երկու փուլով։ Առաջին փուլը (հատուկ վարժություններ) կանցկացվի փակ քննական տարածքում (ինչպես և այժմ): Սկզբնական փուլը հաջող հաղթահարելու դեպքում, երկրորդ փուլը կանցկացվի իրական երթևեկության պայմաններում՝ նախապես ընտրված և ներքին գործերի նախարարի կողմից հաստատված երթևեկելի հատվածներում:
Ընդգծենք, որ այս պահին վարորդական իրավունքի քննությունը մեկ փուլով է, և տեղի է ունենում հատուկ դասավորված հրապարակներում։
Գայանե Ակոջյան