Այսօր Ախալքալաքի շրջանի Ափնիա գյուղում տեղի ունեցավ նորակառույց, եվրոպական չափանիշներին համապատասխան դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Նորակառույց դպրոցի շինարարության վրա ծախսվել է 500 000 լարի:
Ախալքալաքից Ափնիա գյուղ հասնելու համար մինիմում մեկ ժամ է պահանջվում: Պատճառը հեռավորությունը չէ, ընդամենը 23 կմ է, խնդիրը ճանապարհների վատ վիճակն է: Հեռվում միագույն տների արանքում աչքի է ընկնում կապույտ-սպիտակ գույնի նորակառույց դպրոցը:
Ափնիա գյուղի դպրոցի տնօրեն Բադրի Գոչալիձեն ցավով է նշում, որ գյուղը կենտրոնից հեռու է, խմելու ջուր չկա և մարդիկ տեղափոխվում են Վրաստանի այլ բնակավայրեր:
Վերջինս հույս ունի՝ նորակառույց դպրոցը նոր խթան կհանդիսանա, որ մարդիկ գյուղից չհեռանան:
«Արտագաղթ կա, մարդիկ հեռանում են այստեղից: Անցած տարի 18 աշակերտ ունեինք, հիմա 6-ն են ընդամենը: Երկու դասարան ունեմ կոմպլեկտավորված, այսինքն՝ տարրական և բարձր», – ասաց դպրոցի տնօրեն՝ Բադրի Գոչալիձեն:
Ափնիա գյուղի դպրոցի բացման արարողությանը ներկա էին՝ Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը, Գոգաշեն և Քարսեպ գյուղերի դպրոցների տնօրենները, գյուղի բնակիչներ և այլք:
Կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահվեց դպրոցի 6 աշակերտներին և Ռեսուրս կենտրոնի ղեկավարին:
Ֆիննական ոճի, եվրոպական չափանիշներին համապատասխան կառուցված դպրոցը հագեցած է կահույքով ու սպորտային տարբեր ինվենտարով:
Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ճիշտ է նախկին շենքը վթարային շենք չէր, բայց տիպիկ շենք էլ չէր: Նախարարության կողմից որոշվեց նոր շենքի կառուցում: Ապրիլ ամսից է սկսվել շինարարությունը և տևել է 6 ամիս: Մարդիկ ընտանիքներով տեղափոխվում են, այդ իսկ պատճառով աշակերտների քանակը քչացել է», – ասաց Թերեզա Չիվչյանը:
Ափնիա գյուղում ապրում է 40 ընտանիք, նրանք հիմնականում Աջարիայից էկոմիգրանտներ են, տեղափոխվել են 1989 թվականին:
Աղունիկ Այվազյան