Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքի հատվածում արդեն տեղադրել են ռելսերը, Ախալքալաքում ընթանում է կայարանի կառուցումը:
Ախալքալաքի-Կարս հատվածում արդեն ավարտվել են ռելսերի տեղադրման աշխատանքները: Կարծախ գյուղում ավարտվել է կայարանի կառուցումը, Նինոծմինդայում նույնպես պատրաստ է կայարանի շենքը, կառուցվել է չորս կամուրջ` Կարծախ Ախալքալաք հատվածի միջև:
Ներկա պահին Ախալքալաքում ընթանում է գլխավոր կայարանի, տարբեր առաջնահերթության և պահեստային օբյեկտների կառուցման աշխատանքները, ինչպես նաև կառուցվում է հարթակ, որտեղ գնացքները կանցնեն եվրոպական ուղուն:
Այս բոլոր աշխատանքները կատարում է ադրբեջանական ՍՊԸ «Դեմիրյոլ ծառայությունը», իսկ ավելի կոնկրետ՝ տվյալ երկաթուղային ընկերության վրաստանյան մասնաճյուղը:
Ըստ «Դեմիրյոլ ծառայության» ընկերության աշխատակիցների, ամբողջ ձմեռ նրանք կատարել են կայարանի շենքի կառուցման աշխատանքները: Իսկ այժմ աշխատողները իրականացնում են շենքի ներկման և կոսմետիկական աշխատանքներ:
Տվյալ ընկերությունը 2015 թ.-ի ապրիլից սկսել է զբաղվել Ախալքալաքի երկաթուղային կայարանի և այլ օբյեկտների շինարարությամբ: Իսկ մինչ այդ, ընկերությունը զբաղվել է է Ախալքալաք-Կարծախ տարածքի երկաթուղային ռելսերի տեղադրմամբ:
Ըստ երկաթուղային շինարարության ընկերության գլխավոր կառավարչի` Ջաֆար Կարատաշի, մինչ այս տարվա վերջ նրանք կավարտեն շինարարությունը:
«Բոլոր աշխատանքները մինչ այս տարվա վերջ կավարտենք: Ճիշտ է որոշ խնդիրներ կան, բայց իհարկե, ոչ մի գլոբալ խնդիր, մենք աշխատում ենք: Ձմռանը նույնպես աշխատել ենք, քանի որ դա հնարավոր էր: Եվ հիմա շարունակում ենք աշխատել: Մինչ Թուրքիա ճանապարհը պատրաստ է, այժմ սպասում ենք, որ Թուրքիայի կողմից էլ ավարտեն աշխատանքները: Մեր կողմից ոչ մի խնդիր չկա», – ասում է Ջաֆար Կարատաշը:
Աշխատողներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, կասկածանքով արտահայտվեց այն փաստի մասին, որ նրանք կկարողանան ժամանակին ավարտել աշխատանքը՝ մինչ այս տարվա վերջ: Ըստ նրա, դեռ պետք է կառուցեն ևս 32 ուղի երկաթուղային ռելսեր, յուրաքանչյուրը՝ 3 կմ, եվրոպական ուղու անցումային գծերի վայրում: Նա նաև դժգոհեց, որ չորս ամիս է չեն ստացել աշխատավարձ:
Ըստ աշխատողների շինարարության մեջ աշխատում են մոտ 300 մարդ՝ հայեր, ադրբեջանցիներ, վրացիներ ու թուրքեր:
Մենեջերի խոսքով, շինարարությունում աշխատում է մոտ 25 տեղացի հայ: Նրանք աշխատում են, որպես եռակցողներ, բետոն լցնողներ, աշխատում են նաև տարբեր տեխնիկայի վրա:
Նշենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային մայրուղու նախագիծը սկսվել է 2007 թ.-ին և ապահովում է Վրաստանի տարածքում Մարաբդա-Ախալքալաք 178 կիլոմետրանոց գծի վերականգնողական-վերակառուցումը, Ախալքալաք կայարանից մինչև Կարսի կայարան նոր երկաթուղային գծի շինարարությունը, ընդհանուրը 98 կմ երկարությամբ: Այս տարածքից Վրաստանի ուղղությամբ գտնվում է 30 կիլոմետր երկարությամբ Ախալքալաք- Կարծախ (Թուրքիայի սահման) երկաթուղային մայրուղին, իսկ Թուրքիայի կողմից` Կարծախ-Կարս 68 կիլոմետրանոց հատվածը:
Հարկ է նաև նշել, որ աշխատանքների ավարտման և երկաթուղու շահագործման ժամկետը մի քանի անգամ հետաձգվել է: Ըստ վերջին տվյալների աշխատանքները պետք է ավարտվեն մինչև տարեվերջ:
Շուշան Շիրինյան