Ախալքալաքում եթե ոչ բոլորը, ապա շատերը հարազատներ և բարեկամներ ունեն՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում։ Նաև տեղի բազմաթիվ բնակիչներ աշխատում են արտասահմանում, դրա համար չնայած փակ սահմաններին ու սահմանափակ ուղևորություններին, երթևեկությունը Ախալքալաքից Ռուսաստան և Հայաստան չընդհատվեց: Վարորդները կանգնեցին խնդրի առաջ, նրանց ծառայությունների պահանջարկը մեծ է, իսկ հնարավորությունները՝ սահմանափակ:

Կորոնավարակի տարածման կանխարգելման նպատակով 2020 թվականի մարտի 14-ից Վրաստանը ցամաքային սահմանը փակեց Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի, իսկ արդեն մարտի 16-ից՝ Ռուսաստանի հետ: Մարտի 18-ից ամբողջությամբ արգելվեց օտարերկրյա քաղաքացիներին` հատել Վրաստանի սահմանը, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիներին արգելվեց լքել երկրի տարածքը:

Սակայն այն մարդիկ, որոնց անհրաժեշտ էր, սահմանը հատում էին, անցնելով որոշակի բարդ գործընթացների միջով։ Դժվարություններ առաջացան նաև Հայաստանի և Ռուսաստանի ուղղությամբ երթևեկող վարորդների համար։

lars Վերին Լարս

Լևոն Եփրիկյանը Ախալքալաքի շրջանի Խուլգումո գյուղից է, նա արդեն մի քանի տարի է ուղևորներ է փոխադրում Ռուսաստան: Խոսելով բարդությունների մասին, նշում է, որ ամենամեծ դժվարությունն այն է եղել, որ երկու վարորդով են վարել։

Levon Eprikyan n Լևոն Եփրիկյան

«Կորոնավարակից առաջ ընդհանրապես ոչ մի դժվարություն չի եղել, սովորականի պես գնացել, եկել ենք, ազատ։ Կովիդը սկսվելուն պես սահմանները ընդհանրապես փակեցին՝ ինչպես Վրաստանը, այնպես էլ Ռուսաստանը։ Սահմանը հատել թողնում էին միայն իրենց քաղաքացիներին։ Անցած տարի ավելի դժվար էր նրանով, որ սահմանը հատելու վարորդներիս էլ չէին թողնում, մինչև սահման տանում էինք, հետո այնտեղից մարդիկ կամ ոտքով էին գնում, կամ ուրիշ մեքենա էր գալիս նրանց հետևից։ Ծախսերը նույնպես շատացան, արժեքը՝ թանկացավ», – ասում է Լևոնը։

Ուղևորների հոսքը նվազել է, երբ Վրաստանում օրենք ընդունվեց, որ մի մեքենայում երկու հոգուց ավելի մարդ չէր կարելի նստեցնել։ Եղել է, երբ ընդամենը երկու հոգի է հասցրել մինչև սահման։

Լևոնը չի կարողացել հատել Վրաստանի սահմանը, քանի որ այն հատելու որևէ հիմք չի ունեցել, այսինքն՝ հարազատ, ընտանիքի անդամ, ով Ռուսաստանի քաղաքացի է, հետո արդեն ընդլայնվել է այդ ցանկը, ավելացրել են նաև քույր-եղբայրը: Հիմա նա ազատ գնում գալիս է։

Կորոնավարակի պայմաններում աճել են փոխադրողների ծախսերը, ինչի արդյունքում կրկնապատկվել է նաև ուղևորավարձը: Մինչև կորոնավարակի սկսվելը մի ուղևորը մինչև Մոսկվա վճարում էր 5000 (212 լարի), իսկ հետո՝ 10 000 (424 լարի) ռուբլի։

«Օրինակ. ես տանում էի մինչև սահման, մի ուղևորից վերցնում էի 3000 ռուբլի (127 լարի), իսկ մյուս վարորդը վարում էր ավելի երկար ճանապարհ և ստանում 7000 ռուբլի (298 լարի)։ Նաև թեստ ենք հանձնում (Ռուսաստան մուտք գործելիս)։ Հետո կամաց-կամաց արդեն էժանացավ, հիմա արդեն մի ուղևորից վերցնում ենք 8000 ռուբլի (340 լարի)», – ավելացնում է Վրաստան-Ռուսաստան երթուղով երթևեկող վարորդը։

Լևոնը Վրաստանի քաղաքացի է, երբ Ռուսաստանից է գալիս, 8 օր կարանտինում է անցկացնում, հետո նորից գնում, որպեսզի 220 լարի չվճարի թեստի համար:

Նա ամենաշատը վախեցել է ընտանիքի անդմաներին՝ կնոջը և երկու դուստրերին վարակելուց։ Ինքը հիվանդացել է, սակայն շատ թեթև է տարել վարակը։

Eprikyanner
Լևոն Եփրիկյանի դուստրերը

Կորոնավարակը նույն խնդիրներն են առաջացել նաև դեպի Հայաստան երթևեկող վարոդների մոտ և ուղևորների մոտ։ Վրաստան-Հայաստան ուղևորափոխադրումներ իրականացնող Զավեն Բարսեղյանը խոսում է սահմանին թեստ հանձնելու դժվարությունների մասին:

sahman hayastan Բավրայի սահմանային անցակետ, Հայաստանի հետ Վրաստանի սահման

«Սկզբում բարդությունն այն էր, որ թույլտվությամբ էինք գնում, երբ դեռ չէր բացվել սահմանները։ Սահմանում հարցաքննում էին, թե ինչո՞ւ ենք գնում, արդեն՝ երկրորդ, երրորդ անգամ, որ գնում էինք կասկած էր առաջանում, իսկ քաղաքապետարանից շատ դժվար էին տալիս թույլտվությունը։ Հիմա արդեն բացվեց, ներկա պահին միակ դժվարությունը պարտադիր թեստավորումն է, որի տրամաբանությունը ճիշտն ասած չեմ հասկանում։ Մեզանից թեստ են վերցնում, պատասխանը տալիս են 24 ժամ հետո, այսինքն՝ դեռ չբացահայտած մենք վարակակիր ենք, թե՝ ոչ, թույլատրում են սահմանը հատել, այսինքն՝ իմաստ չունի այսպիսի թեստավորումը», – ասում է Զավենը։

Համավարակի ընթացքում թանկացել է ոչ միայն դեպի Վրաստան-Ռուսաստան, այլև Վրաստան-Հայաստան ուղևորափոխադրումները։ Հայաստան գնալու ուրևորավարձը նույնպես աճել է 30 լարիից, հասնելով 50-ի։

«Կորոնավարակից առաջ ուղևորավճարը 30 լարի էր, հիմա արդեն 50, սակայն առաջ վառելիքը ավելի էժան էր և նաև թեստավորում չկար։ Թեստավորումը սահմանին արժի 15 000 դրամ (95 լարի) և քանի որ վարորդը թեստ է հանձնում, նա ուզած-չուզած գինը թանկացնելու է, այս դեպքում մեր շահույթը մնում է նույնը», – ավելացնում է նա։

Վրաստանի ու Հայաստանի միջև գտնվող չեզոք տարածքը բավականին երկար է և միշտ շատ ցուրտ է: Զավենը նշում է, ուղևորներին շատ դժվար է պայուսակներով, ոտքով անցնել այդ ճանապարհը, առավել ևս անձրևոտ և ցուրտ եղանակներին։

«Սկզբից եղել է նաև, որ երկու մեքենայով էին գնում, այստեղից տանում էին մինչև սահման, որը արժեր 20 լարի, իսկ սահմանից արդեն ուրիշ մեքենա էր տանում, որն էլ արժեր 30 լարի։ Երկու մեքենայով էինք տանում, որպեսզի թեստ չհանձնեինք։ Բայց դա դժվարություններ էր առաջացնում։ Ուղևորները պետք է քայլեին մինչև 700-800 մ տարածք, իհարկե, դժվար էր ծանր պայուսակներով հասնել մինչև մյուս սահման»։

Օտարերկրյա քաղաքացիներին Վրաստան մուտք գործելու համար հարկավոր է օնլայն գրանցվել: Զավենն ինքն է գրանցում իր ուղևորներին, այդպիսով նա ժամանակ է տնտեսում և խուսափում անճշտություններից: Իսկ թեստ հանձնելու համար շատ ժամանակ չի պահանջվում։

«Թեստավորումը մի մարդու համար տևում է 3-5 րոպե: Իմ ուղևորներին գրանցում եմ, որպեսզի ժամանակ չվատնեմ, որի պատճառով սահմանին շատ հաճախր մեծ հերթեր են առաջանում: Ողևորները թեստ Վրաստանի սահմանին հանձնել չեն կարող», – ավելացնում է Զավենը։

Լևոնի նման, Զավենը նույնպես չի հավատացել կորոնավարակի գոյությանը, բայց անցած տարի նոյեմբերին հիվանդացել է, կորցրել համի և հոտի զգացողությունը, որը մինչև հիմա լիարժեք չի վերականգնվել։ Լևոնը պատվաստվելու որոշում դեռ չունի, կասկածներ ու որոշակի վախեր ունի, թեև չի բացառում, որ ապագայում կարող է համաձայնել: Զավենը հոգեպես պատրաստ է պատվաստմանը, նա չի վախենում, ինչպես ինքն է ասում՝ սպասում է հարմար պահի:

Իրավիճակը բարդացել է, ոչ միայն վարորդների, այլև ուղևորների համար։ Սեդա Շախբեկյանը Երևանից Ախալքալաք գալու ժամանակ, երկու երեխայի հետ տեղավորվել է երկու նստատեղի վրա, քանի որ ճանապարհածախսը թանկ է եղել։

«Երբ եկանք Վրաստան մի անգամ թեստ հանձնեցինք, որ սահմանը հատենք, մի անգամ էլ գալուց երկու օր հետո հանձնեցինք, որ կարանտին չգնանք: Երթևեկության արժեքը թանկացել է, 50 լարի է դարձել։ Մենք երեք հոգով էինք, բայց երկու նստարանի մի կերպ տեղավորվել էինք, իրականում շատ թանկ է», – ասում է Սեդան։

Սեդան նաև նշում է, որ Հայաստանի սահմանին թեստավորման համար հերթեր են գոյանում, որտեղ էլ չի պաշտպանվում սոցիալական հեռավորությունը:

«Բարդ իրավիճակ է Հայաստանում, ժամերով իրար գլխի են հավաքվում, կողք կողքի կանգնում ենք, ջերմաչափում են, հետո գնում ենք գրանցման տեղը, հետո նոր թեստ ենք հանձնում։ Մեծ ու փոքր կապ չունի, 15 000 դրամ է թեստի արժեքը։ Մինչև կորոնավարակը և հիմա կարող եմ ասել, որ երեք անգամ թանկացել է ուղևորավարձը։ Հերթ է կուտակվում ժամերով, որպեսզի թեստավորում լինի։ Ճիշտ է այդ ընթացքում բոլորը շնչադիմակով են, սակայն հեռավորություն չի պահպանվում»:

sahman test

Ճանապարհի այս խճճված գործողությունները Սեդային շատ են խանգարում, որ գոնե տարին երկու անգամ այցելի ծնողներին։

«Կորոնավարակը մեզ շատ խանագարեց, անցած տարի ընդհանրապես չեմ կարողացել գալ, հիմա եկել եմ, բայց հետո, եթե էլի պետք լինի չենք կարողանա գալ, ֆինանսապես մեծ ծախսերի հետ է կապված», – հավելում է նա։

Նատալյա Այվազյանը Ախալքալքում ունի միայնակ ապրող մայր, պարտադիր տարին մի քանի անգամ նա տեսակցում էր մայիրկին, սակայն կորոնավարակը սահմանափակեց նաև Նատալյայի այցերը։

«Հայաստանից երեխայիս հետ Վրաստան գալս, չոր հաշվակով 800 լարի կազմեց։ Մի մարդը 450-500 լարի կազմում է։ Երեք անգամ թեստ եմ հանձնել, մի անգամ Երևանում, 72 ժամվա ընթացքում եմ տվել ու մի անգամ էլ հետ վերադառնալուց Հայաստանի սահմանին։ Շատ դժվար է այսքան գումար մի տարվա ընթացքում ծախսել։ Կոնկրետ իմ դեպքում իմ ծնողը միայնակ է, գոնե նվազագույնը երկու անգամ պետք է գնամ, ու այս պայմաններում շատ դժվար է այդքան գումար ծախսելը։ Առաջ շատ հեշտ էր, միայն ճանապարհածախսը տալիս, նորմալ գնում գալիս էինք։ Սահմանին շատ են տանջում, հերթեը շատ-շատ է։ Վրաստանը մի հարցով է երկարացնում պրոցեսը, Հայաստանը՝ մեկ այլ։ Հայաստանի սահմանին բոլորի պայուսակները հատ-հատ ստուգում են, թեստ հանձնելու ժամանակ ենք կանգնում։ Մի ժամից ավելի տևեց մինչև հասանք Հայաստանի սահմանը, իսկ առաջ նվազագույնը 10-15 րոպե էր տևում», – իր ուղևորության մասին պատմում է Նատալյան։

Նատալյան արդեն մտածում է պատվաստվելու մասին, որպեսզի ավելորդ գումար ու ժամանակ չվատնի:

«Ուզում եմ պատվաստվեմ, սակայն տեսնում եմ, որ Վրաստան գալուց այդքան էլ փոփոխություն չի լինի, միևնույն է թեստ եմ հանձնելու։ Դեռ վերջնական որոշում չունեմ»:

Նատալյան ու Սեդան այն քիչ մարդկանցից են, որ չնայած ճանապարհի դժվարություններին ու ֆինանսական բարդություններին, կարողացել են այցելել ծնողներին, բայց շատերը դա էլ չեն կարողացել անել: Դեռ պարզ չէ, այս իրավիճակը երբ կփոխվի, քանի դեռ կորոնավարակ մեր կյանքում ամենուր է…

Գայանե Ակոջյան