Pfizer և BioNTech կոնսորցիումի, ինչպես նաև AstraZeneca-ի դեղորայքով ամբողջական պատվաստումը ապահովում է բարձր պաշտպանություն կորոնավիրուսի դելտա շտամից: Այս մասին են վկայում New England Journal of Medicine-ի կողմից հրապարակված ուսումնասիրությունների արդյունքները, փոխանցում է «ТАСС»-ը:
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, մասնագետները կատարել են հիվանդության ընթացքի վերլուծություն՝ Անգլիայում տվյալ պատվաստանյութերով պատվաստված բուժառուների շրջանում: Ըստ դրա արդյունքների՝ պարզվել է, որ դելտա շտամով վարակվելու դեպքում, պատվաստանյութի երկու դեղաչափերով պատվաստումը տալիս է գրեթե նույն մակարդակի պաշտպանվածություն, ինչպես ալֆա շտամի դեպքում, որը ի հայտ է եկել Մեծ Բրիտանիայում և հատկապես տարածվել 2021-ի սկզբին:
Այսպիսով, Pfizer-ի և BioNTech-ի դեղամիջոցի երկու բաղադրիչներով պատվաստումը ապահովել է 88% պաշտպանություն դելտա շտամով վարակվելուց, ալֆա ենթատեսակի դեպքում՝ 93,7%-ի համեմատ: AstraZeneca պատվաստանյութի երկու դեղաչափերն ապահովում են 67% պաշտպանություն դելտա-շտամից և 74,5% ալֆա-շտամից:
«Պատվաստանյութերի երկու դեղաչափերի ընդունումից հետո այդ դեղամիջոցների արդյունավետության համեմատությունը՝ դելտա-շտամի և ալֆա-շտամի դեպքերում, միայն փոքր տարբերություններ են տվել», – շեշտվում է հոդվածում: «Այս եզրակացությունները խոսում են խոցելի բնակչությանը դեղամիջոցների երկու դեղաչափերով պատվաստելու ջանքերի մասին», – ընդգծում են հեղինակները:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեբրեյսուսը նախազգուշացրել էր դելտա-շտամից կորոնավիրուսի ավելի վտանգավոր ենթատեսակի սպառնալիքի մասին, որը կարող է «փախչել» առկա պատվաստանյութերի ազդեցությունից: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկրի բնակչության 70%-ի պատվաստումը հաջորդ տարվա կեսերին ոչ միայն կդադարեցնի նոր կորոնավիրուսի համավարակը, այլև կվերագործարկի համաշխարհային տնտեսությունը: