Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Աշխատանքային օրենսգրքում» ու «Հանրային ծառայության մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը։ Օրենսդրական փաթեթին կողմ քվեարկեց 60, դեմ` 26 պատգամավոր:
Փոփոխված օրենքներով գործատուն իրավունք է ստանում Covid-19-ի դեմ պատվաստման վկայագիր կամ ՊՇՌ թեստի բացասական պատախան չներկայացրած աշխատակցին ազատել աշխատանքից։
Գործատուն կարող է նախ արգելել աշխատողին ներկայանալ աշխատանքի և չվճարել այդ ժամանակահատվածի համար նախատեսված աշխատավարձը, իսկ 10 աշխատանքային օր կամ հերթափոխ չներկայանալու դեպքում` նրան ազատել աշխատանքից։
Նույն պատճառով 3 ամսվա ընթացքում 20 աշխատանքային օրվա բացակայությունը ևս գործատուի համար իրավունք է հանդիսանում աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու։
Ընդ որում, այդ բացակայությունները չեն կարող հաշվարկվել որպես արձակուրդ կամ աշխատանքային ստաժ։ Գործատուն պարտավոր է իր որոշման մասին 3 օր առաջ տեղյակ պահել աշխատողին։
Ի դեպ, առաջարկվող կարգավորումները չեն տարածվելու որոշ պետական ու հանրային պաշտոնյաների նկատմամբ։
Դրանք են` հանրապետության նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, վարչապետը, համայնքի ղեկավարները և համայնքի ավագանու անդամները, մարդու իրավունքների պաշտպանը, Սահմանադրական դատարանի դատավորները, անկախ պետական մարմնի անդամները, ինքնավար մարմնի անդամները, Վիճակագրության պետական խորհրդի անդամները, Վճռաբեկ, Վերաքննիչ և Առաջին ատյանի դատարանի դատավորները, գլխավոր դատախազը։