Ախալքալաքի մունիցիպալիտետում, 2016 թվականից մինչ օրս, բարձրալեռ շրջանի բնակչի կարգավիճակ է ստացել 43 661 մարդ: Գործընթացը շարունակվում է, սակայն տեխնիկական սպասարկման համար այժմ վճարում է տեղական ինքնակառավարումը, այլ ոչ թե Եվրամիությունը:
2015 թվականին Վրաստանը ընդունեց «Բարձրալեռ շրջանների զարգացման մասին» նոր օրենք: Սակայն, բարձրալեռ շրջանի բնակչի կարգավիճակ շնորհելու մասին դրույթը սկսեց գործել 2016 թվականից, և այդ ժամանակ մարդիկ կարգավիճակ ստանալու համար սկսեցին դիմել տեղական ինքնակառավարման մարմիններին: Այս օրենքը խթանում է սոցիալական և տնտեսական առաջընթացը բարձրալեռ շրջաններում: Օրենքի համաձայն, բարձրալեռ շրջանի բնակչության տարբեր շերտեր ստանում են տարբեր արտոնություններ:
Ախալքալաքի մունիցիպալիտետում 2016 թվականից մինչև 2021 թվականի հուլիս ամիսը բարձրալեռ շրջանի բնակչի կարգավիճակ է ստացել 43 661 մարդ, որոնցից 13 612-ն այն ստացել են սեփական դիմումի հիման վրա, իսկ 30 049-ը՝ ավտոմատ կերպով: Ավտոմատ կերպով ստացողների կատեգորիան ընդգրկում էր հիմնականում կենսաթոշակառուներին, պետական կազմակերպությունների աշխատողներին, սոցիալապես անապահով մարդկանց:
2016 թվականից, բնակության վայրի փոփոխության պատճառով, 1663 մարդու կարգավիճակ չեղյալ է հայտարարվել, իսկ կասեցվել է 209 -ը մարդու կարգավիճակ (այս կատեգորիան ներառում է հիմնականում ուսանողներին): 21 անձի կարգավիճակ վերականգնվել է:
2016 թվականից մինչ օրս բարձրալեռ շրջանի բնակչի կարգավիճակի վկայագիր է ստացել 6711 մարդ:
2016 թվականից սկսած կարգավիճակ շնորհելու գործընթացի պահպանման ծախսերը հոգում էր Եվրամիությունը, սակայն այս տարի նրանց ծրագիրն ավարտվեց, և մունիցիպալիտետերն ստիպված են իրենք միջոցներ հատկացնել իրենց բյուջեից: Այս ծախսերի համար Ախալքալաքի մունիցիպալիտետն այս տարի բյուջեից հատկացրել է 4000 լարի:
Ախալքալաքի քաղաքապետարանի Իրավաբանական ծառայության պետ Խաչատուր Ալեքսանյանի խոսքով, ամեն օր մարդիկ դիմում են կարգավիճակ ստանալու համար:
«Առնվազն 10 -15 մարդ ամեն օր գալիս է մեզ մոտ՝ կամ դիմում է ներկայացնում կարգավիճակ ստանալու համար, կամ ստանում է այդ կարգավիճակը: Երեխայի ծննդյան ժամանակ նրանք նույնպես գալիս են վկայագիր ստանալու, աշխատանքի ընդունվելու ժամանակ նույնպես պետք է այն: Գործընթացը մշտական է », – ասում է Խաչատուր Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ բարձրալեռ շրջանի բնակչի կարգավիճակ տրվում է Վրաստանի քաղաքացիներին, ովքեր մշտապես բնակվում են բարձրալեռ շրջանում։ Կացության իրավունք ունեցող անձինք բարձրալեռնային տարածաշրջանի բնակչի կարգավիճակ չեն կարող ստանալ:
Ախալքալաքի քաղաքապետարանում բարձրալեռնային տարածաշրջանի մշտական բնակչի կարգավիճակ անձին շնորհում է քաղաքապետը: Վերոնշյալի ստացման համար պետք է գրել դիմում և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը:
1. Դիմում
2. Անձնագրի պատճենը
3. Վճարման անդորրագիր այն անձի անունով, ով ցանկանում է ստանալ կարգավիճակ: Այսինքն, եթե նույնիսկ բաժանորդը այլ անձ է, բանկում կարող են ծառայության համար վճարը մուծել իրենց անունով և անդորրագիրը որպես փաստաթուղթ ներկայացնել:
Ինչպես ստանալ բարձրալեռնային տարածաշրջանի բնակչի կարգավիճակ