Ախալքալաքի քաղաքապետարանում արդեն սկսվել է բարձրալեռնային տարածաշրջանի բնակչի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքման գործընթացը: Ուր է պետք դիմել և ինչպիսի փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել` այդ կարգավիճակը ստանալու համար. Կարդացեք ներքևում:
Անցյալ տարի Վրաստանում ընդունվեց նոր օրենք «Բարձրալեռնային տարածաշրջանների զարգացման մասին»: Օրենքը ընդունվել է 16.07.2015 թվականին, սակայն տարբեր կետեր ուժի մեջ են մտնում տարբեր ժամկետներում: Նշված օրենքը պետք է խթանի բարձրալեռնային տարածաշրջանների սոցիալ-տնտեսական զարգացումը:
Օրենքի համաձայն բարձրալեռնային տարածաշրջանների բնակչության տարբեր շերտեր կստանան տարբեր արտոնություններ: Կացության իրավունք ունեցող անձինք բարձրալեռնային տարածաշրջանի բնակչի կարգավիճակ չեն կարող ստանալ:
Ախալքալաքի քաղաքապետարանում բարձրալեռնային տարածաշրջանի մշտական բնակչի կարգավիճակ անձին շնորհում է Վարչության նախագահը
(գամգեբելին): Վերոնշյալի ստացման համար պետք է գրել դիմում և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը:
1. Դիմում
2. Անձնագրի պատճենը
3. Տեղեկանք Հանրային ռեեստրից, որ անձը հաշվառված է Ախալքալաքի քաղաքապետարանում: Տեղեկանքը կարելի է ստանալ 1 օրվա ընթացքում` վճարելով 10 լարի, կարելի է նաև ստանալ անվճար` 10 աշխատանքային օրվա ընթացքում:
4. Փաստաթուղթ, որը հաստատում է քաղաքապետարանում վերջին 9-ը ամիսների մշտական բնակությունը: Նշված փաստը կարելի է հաստատել երկու փաստաթղթերով. Դրանցից մեկը կարող է լինել՝ տեղեկանք աշխատանքի վայրից, իսկ մյուսը՝ տեղեկանք տրված այն վայրի լիազորի կողմից, որտեղ ապրում է տվյալ անձը:
Ախալքալաքի քաղաքապետարանի Վարչության իրավաբանական ծառայության ղեկավար Խաչատուր Ալեքսանյանի խոսքով, իրենք քաղաքացիների փաստաթղթերի հավաքման ընթացակարգը հեշտացնելու համար, լիազորներին տվել են տեղեկանքներ տալու հնարավորություն, որ բնակիչը իրոք ապրում է Ախալքալաքի քաղաքապետարանում: Գյուղերում այդ տեղեկանքները տալիս են գյուղերի լիազորները, իսկ քաղաքում` տեղի լիազորները: Եթե անձը ոչ մի տեղ չի աշխատում, այն ժամանակ կարող է ներկայացնել այլ փաստաթղթեր, օրինակ կոմունալ ծախսերի կտրոններ, լուսանկարներ, վկաներ:
«Փաստաթղթերից ամենավիճելին 9-ը ամիսը հաստատելու փաստն է. Բոլոր փաստաթղթերը հավաքելուց հետո, դրանք պետք է հանձնել մեր աշխատակցին: Նա կհաշվառի և երկու ամսվա ընթացքում Վարչությունը կհանի որոշում», – ասում է Խաչատուր Ալեքսանյանը:
Ներկայացրած փաստաթղթերի քննարկման համար Վարչությունում ստեղծվել է 8 անդամից բաղկացած հանձնաժողով: Նշված հանձնաժողովը ղեկավարում է Ախալքալաքի քաղաքապետարանի Վարչության նախագահի տեղակալ Շալվա Բալախաձեն:
Խաչատուր Ալեքսանյանի խոսքով, փաստաթղթերի ստուգումից հետո հանձնաժողովը հանձնարարական կտա Վարչության նախագահին, ով կընդունի վերջնական որոշում` տալ կարգավիճակ կամ էլ մերժել:
Ավտոմատ կերպով բարձրալեռնային տարածաշրջանի բնակչի կարգավիճակ կստանան թոշակառուները, մանկավարժները, աշակերտները ու նրանց ծնողները, բյուջետային հաստատությունների աշխատակիցները և անապահով ընտանիքների անդամները:
«Նրանից հետո, երբ Գամգեբելին կշնորհի կարգավիճակը, այդ անձի տվյալները մեխանիկորեն կմտնեն համապատասխան բազայի մեջ: Մոտավորապես 30 հազար մարդ մեր քաղաքապետարանից մեխանիկորեն կստանան բարձրալեռնային տարածաշրջանի մշտական բնակչի կարգավիճակ», – ասում է Խաչատուր Ալեքսանյանը:
Դեռ Ախալքալաքի քաղաքապետարանում չի հաշվառվել ոչ մի դիմում և ոչ ոքի չի շնորհվել բարձրալեռնային տարածաշրջանի մշտական բնակչի կարգավիճակ, բայց Խաչատուր Ալեքսանյանի խոսքով, մարդիկ արդեն հետաքրքրվում ու հավաքում են կարգավիճակ ստանալու փաստաթղթեր:
«Կհավաքվի 300-400 դիմումներ և մենք դրանք քննարկման կներկայացնենք հանձնաժողովին, դա ուղղակի տեխնիկական հարց է», – ասում է իրավաբանական ծառայության ղեկավարը:
Շուշան Շիրինյան