Վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսի դեպքերն աճել են 12%-ով, իսկ մահացության մակարդակը` 1%-ով: Ընդհանուր առմամբ, գրանցվել է վարակի ավելի քան 3.4 միլիոն դեպք և ավելի քան 56 հազար մահվան ելք: Այս մասին հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), փոխանցում է «ТАСС»-ը:
Հուլիսի 12-ից 18-ը աշխարհում հայտնաբերվել է 3 429 645 վարակված մարդ և գրանցվել 56 767 մահ: Հուլիսի 18-ի դրությամբ գրանցվել է ընդհանուր առմամբ 190 169 833 վարակման դեպք և 4 086 000 մահ:
Աֆրիկայում մեկ շաբաթվա ընթացքում դեպքերը նվազել են (5%-ով): Միևնույն ժամանակ, աճ է գրանցվել Խաղաղ օվկիանոսի արևմտյան տարածաշրջանում (30%-ով), Եվրոպայում (21%-ով), Հարավարևելյան Ասիայում (16%-ով) և Միջերկրական ծովի արևելյան հատվածում (15%-ով): Մահացությունը հատկապես կտրուկ աճել է Հարավարևելյան Ասիայում (աճ 12%) և Արևմտյան Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում (10% աճ): Մահվան դեպքերի թվի անկում է նկատվել Ամերիկայում (6%) և Աֆրիկայում (4%):
Եվրոպայում յոթ օրվա ընթացքում վարակվել է ավելի քան 885 հազար մարդ, իսկ ավելի քան 7 հազարը մահացել է: Ամերիկայում գրանցվել է ավելի քան 967 հազար նոր վարակման և ավելի քան 22 հազար մահվան դեպք: Հարավարևելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 829 հազար վարակակրի, ավելի քան 16 հազար մարդ մահացել է: ԱՀԿ-ում մեկ շաբաթվա ընթացքում վարակվածների ամենամեծ թիվը հաղորդել է Ինդոնեզիան (350 273): Դրան հաջորդում են Մեծ Բրիտանիան (296 447), Բրազիլիան (287 610), Հնդկաստանը (268 843) և ԱՄՆ-ն (216 433):
Ըստ ԱՀԿ տեղեկագրի, նոր կորոնավիրուսի դելտա բարձր վարակմամբ առանձնացող շտամը, որը մասնագետներին հայտնի է 2020-ի հոկտեմբերից՝ Հնդկաստանում այն հայտնաբերելուց հետո, հուլիսի 13-ից 20-ը ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ 111-ից երկրից հասնելով 124: