Բաթումիում բանկի մենեջերն իր գործատուից գողացել է ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար: Այսօր Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը բերման է ենթարկել մի տղամարդու՝ իր պաշտոնական դիրքի օգտագործմամբ խոշոր գումար հափշտակելու նպատակով կեղծ հաշվարկային փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու մեղադրանքով:

«Հետաքննությունը պարզել է, որ ապօրինի նյութական օգուտ ստանալու համար մեղադրյալները՝ 2015 թվականից մինչև 2021 թ. ապրիլ, ավանդի բացման, փակման, դրամական մուտքային և ծախսային օրդերները և բանկին պատկանող մեծ գումարներն ապօրինի յուրացնելու համար կեղծ պայմանագրեր են պատրաստել», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Այս փուլում հաստատվել է, որ յուրացված միջոցների ընդհանուր գումարը կազմում է 2 467 667 լարի (787,3 հազար ԱՄՆ դոլար), 180 480 ԱՄՆ դոլար և 80 հազար եվրո:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել Liberty բանկի Բաթումիի մասնաճյուղում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ գործում մենեջերի հետ միասին ներգրավված են այս բաժնի ևս 14 աշխատակիցներ: Հայտնի է, որ բանկը դադարեցրել էր աշխատանքային պայմանագրերը գործում ներգրավված բոլոր անձանց հետ դեռ գարնանը:

Դեպքի առթիվ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի ՔՕ 210-րդ հոդվածի 2-րդ մասով և 182-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, որը նախատեսում է ազատազրկում 7-ից 11 տարի ժամկետով: