Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան այսօր, լրագրողների հարցին պատասխանելով, անդրադարձել է հոկտեմբերի 30-ին Ախալքալաքում տեղի ունեցած դեպքին։
«Հետաքննությունը վարում է Ներքին գործերի նախարարությունը, որն հիմա էլ շարունակվում է, եղան որոշակի խնդիրներ, որոնք անհաճելի էին, տուժող կողմը չէր համագործակցում մեզ հետ, սակայն գործընթացը այսօր ավարտվում է։ Մեղադրանք կներկայացվի երկու կողմին էլ, եթե չեմ սխալվում։ Տեղի է ունեցել սադրանք, սակայն սադրանք՝ չի նշանակում, որ պետք է ֆիզիկական բռնություն գործադրել», – հայտարարել է Գիորգի Գախարիան։
Ախալքալաքի դեպքերին Գախարիայից առաջ անդրադարձավ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:
Նա նշել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին Ախալքալաքում և Նինոծմինդայում բարձր արդյունք է գրանցել, և երկրորդ փուլում նույնպես պատրաստվում են բարձր արդյունք գրանցել։
«Հենզել Մկոյանը մեր թիմի արժանի անդամն է։ Սադրիչ գործողությունները սկսել է հենց «Միացյալ ազգային շարժումը»: Նրանք իրենց գործողությունները սկսել են տեղի բենզալցակայաններից մեկում: Մենք ՄԱՇ-ի անդամներին կոչ ենք անում զերծ մնալ սադրանքներից, այլապես դրանք օրենքի շրջանակներում խիստ արձագանքի կարժանանան։ Մենք լիովին աջակցում ենք մեր թիմակից Հենզել Մկոյանին», – ասել է Կոբախիձեն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին՝ կեսօրից հետո, միասնական ընդդիմության «Ուժը միասնության մեջ է»-ի Ախալքալաքի շտաբի մոտ տեղի էր ունեցել զանգվածային ծեծկռտուք՝ խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի բարեկամների և կողմնակիցների և շտաբի ակտիվիստների միջև: Ծեծկռտուքից 4 տուժածները հիվանդանոցում էին հայտնվել, նրանցից բոլորը ընդդիմության ակտիվիստներ են: