Թբիլիսիի և Բաքվի միջև գործընկերության մասին հուշագիր է ստորագրվել: Այն ստորագրել են Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և Բաքվի քաղաքապետ Էլդար Ազիզովը: Տեղեկատվությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը:
«Այսօր Թբիլիսիի և Բաքվի միջև կնքված քույրացման հուշագիրը շատ կարևոր է: Մեր քաղաքների միջև կար երկարամյա գործընկերություն: Հուսով եմ, որ հուշագիրը մեծ ներդրում կունենա Վրաստանի ու Ադրբեջանի միջև դարավոր հարաբերությունների խորացման գործում: Պայմաններ կստեղծեն տարբեր ոլորտներում մեր հարաբերություններն ավելի հետաքրքիր ու բարեկամական դարձնելու համար», – ասել է Կախա Կալաձեն:
Հուշագիրը ներառում է համագործակցություն մշակույթի, արվեստի, զբոսաշրջության, քաղաքաշինության, շրջակա միջավայրի, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգարդյունավետության, թափոնների կառավարման, երիտասարդության հարցերի և սպորտի ոլորտներում, ինչպես նաև խորացնում է առևտրի և գործարար կապերը տարբեր ոլորտներում:
«Վրաստանն ու Ադրբեջանը հազարամյա հարաբերություններ ունեն, որը մենք շատ բարձր ենք գնահատում: Մենք ունենք շատ ձեռքբերումներ տարբեր ոլորտներում համագործակցության առումով: Հատկապես ուշագրավ է ժողովրդական դիվանագիտությունն ու երկու ժողովուրդների բարեկամությունը: Այսօր ստորագրած հուշագիրն էլ ավելի կամրապնդի մեր հարաբերությունները», – ասել է Բաքվի գործադիր իշխանության ղեկավար Էլդար Ազիզովը:
Այսօր մեկնարկել է Թբիլիսիի քաղաքապետի երկօրյա պաշտոնական այցը Բաքու: Այցի ընթացքում նախատեսվում են բարձր մակարդակի հանդիպումներ տարբեր ձևաչափերով: Թբիլիսիի քաղաքապետի հետ միասին պատվիրակության կազմում է փոխքաղաքապետ Իլիա Էլոշվիլին: