Փետրվարի 1-ից Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների 83 դաստիարակի աշխատանքի ծանրաբեռնվածությունն ավելացել է 2.5 ժամով, իսկ նրանց աշխատավարձը՝ 100 լարիով։ Աշխատավարձի բարձրացումը չի տարածվում այլընտրանքային մանկապարտեզների և Չունչխա գյուղի նախադպրոցական հաստատության 6 դաստիարակի վրա, որտեղ երեխաները քիչ են։
Երեկ՝ փետրվարի 27-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորները հաստատեցին 2024 թվականի բյուջեի փոփոխությունները, ըստ որի, մանկապարտեզների 83 դաստիարակի աշխատավարձերը 100 լարիով բարձրացնելու համար, Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորմանը լրացուցիչ հատկացվեց 90200 լարի։
Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով, ըստ լիազորագրման չափորոշիչների, յուրաքանչյուր 15 սանին անհրաժեշտ է մեկ դաստիարակ։ Մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը մունիցիպալիտետի մանկապարտեզների բոլոր խմբերում (մեծ և փոքր), փոխարինելով միմյանց, աշխատել են երկու դաստիարակ։ Այս ժամանակացույցով, չափորոշիչներին համապատասխանելու համար Միավորումը պետք է աշխատանքի ընդունի ևս 83 մանկավարժի։ Քանի որ դա շատ ավելի դժվար կլիներ, տեղական իշխանությունները որոշեցին 2,5 ժամով ավելացնել նրանց աշխատավարձը և ծանրաբեռնվածությունը՝ յուրաքանչյուր 15 երեխայի համար մեկ դաստիարակի մշտական ներկայություն ապահովելու համար: Այսինքն՝ մեծ խմբերում միաժամանակ աշխատելու են երկու դաստիարակ։
«Միավորումը չի կարող իրեն թույլ տալ աշխատանքի ընդունել լրացուցիչ 83 դաստիարակ: Քաղաքապետարանը որոշել է աշխատավարձը բարձրացնել 100 լարիով, գուցե հաջորդ տարի էլ ավելի բարձրացնեն»,- ասաց Անահիտ Ասատուրյանը։
Յուրաքանչյուր դաստիարակի ծանրաբեռնվածությունն ավելացել է 2,5 ժամով։ Դաստիարակներից մեկն աշխատում է 9:00-17:00, երկրորդը՝ 10:00-18:00, 1 ժամ ընդմիջումով:
Դաստիարակների աշխատավարձն արդեն 750 լարի է՝ ներառյալ հարկերը և կենսաթոշակային վճարները։ Հարկ է նշել, որ բոլոր մանկավարժների աշխատավարձերը 2024 թվականի հունվարի 1-ից բարձրացվել էին 100 լարիով, իսկ 2024 թվականի փետրվարի 1-ից 83 մանկավարժի աշխատավարձը կավելանա եւս 100 լարիով։ Այլընտրանքային մանկապարտեզներում, ինչպես նաև Չունչխա գյուղի մանկապարտեզում, որտեղ հաճախում է 16 երեխա, դաստիարակները կշարունակեն աշխատել հին գրաֆիկով, ուստի նրանց աշխատավարձերը չեն բարձրանա։
Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է 17 մանկապարտեզ, որոնցից 2-ը այլընտրանքային են, այսինքն՝ աշխատում են կես դրույքով և առանց սնունդի։ Ընդհանուր առմամբ, մանկապարտեզների միավորումն ունի 89 դաստիարակ և ավելի քան 1270 սան: