Մարտի 30-ից Վրաստանում կմեկնարկի «Հեռուստադպրոց» նախագիծը, որի միջոցով Հանրային հեռուստատեսությունը դասընթացներ կհեռարձակի: Սկզբնական շրջանում հայալեզու դպրոցների աշակերտները կարող են դիտել միայն «Վրացերենը, որպես երկրորդ լեզու» դասը:
Վաղվանից Հանրային հեռուստատեսությունը դասընթացներ կհեռարձակի յուրաքանչյուր առարկայի և յուրաքանչյուր դասարանի համար առանձին-առանձին: Արդեն պարզ է տարբեր դասարանների դասացուցակները, ամեն օր կանցկացվի երեք դաս։ Առանձին ժամեր են հատկացվել անգլերենի և լաբորատոր աշխատանքների համար։
Հայկական դպրոցների աշակերտները ևս կարող են մասնակցել հեռուստադասերի: Ինչպես Jnews-ին Առաջին ալիքից հայտնեցին՝ առաջին դասը կլինի «Վրացերենը, որպես երկրորդ լեզու» առարկայից, այնուհետև՝ ընդհանուր ունակություններ, մաթեմատիկա, հայոց լեզու և գրականություն դասաժամերը:
«Առաջին շաբաթը, երբ սկսենք դասերը, ուրբաթ օրը կլինի «Վրացերենը, որպես երկրորդ լեզու» առարկայից երեք դասընթաց: Հեռուստադասը կլինի ժամը 14:00-15:00-ին՝ ցածր, միջին և բարձր դասարանների համար։ Այս դասընթացը ինչպես հայալեզու այնպես էլ ադրբեջանալեզու աշակերտների համար է: Իսկ հաջորդ շաբաթվանից կավելանան արդեն ընդհանուր ունակություններ, մաթեմատիկա և մայրենի լեզուն՝ այսինքն հայոց լեզուն»,- ասացին Առաջին ալիքից։
Մեր այն հարցին, թե արդյո՞ք կլինեն հեռուստադասեր ռուսերեն լեզվով, քանի որ Վրաստանում գործում են նաև ռուսական դպրոցներ, մեզ պատասխանեցին, որ ռուսերենով ոչինչ չի նախատեսվում, լինելու է միայն հայերեն և ադրբեջաներեն։
Հեռուստաալիքը հասանելի կլինի բոլոր պլատֆորմաներով, ինչպես նաև Առաջին ալիքի կայքում, Facebook-ում և youtube-ում: Եվ ամենակարևորն այն է, որ դասերը կհեռարձակվեն հեռուստաալիքով, որպեսզի բոլորի համար հասանելի լինի։
Գայանե Ակոջյան