Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածում հուլիսի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում ներքին գործերի նախարարությանը և դատախազությանը հնարավորինս սեղմ ժամկետում բացահայտել ենթադրյալ բռնարարքների գործողությունների համար պատասխանատու գլխավոր անձանց և սկսել նրանց քրեական հետապնդումը, ինչպես նաև ակտիվ կերպով տեղեկացնել հանրությանը քննության ընթացքի մասին:
Բացի այդ, հայտարարության մեջ ասվում է, որ ժողովրդական պաշտպանը նաև ՆԳՆ-ին կոչ է անում արդյունավետ հետաքննություն անցկացնել «Պիրվելի» հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան կապակցությամբ:
«Բռնարարքների մասշտաբները, գործողությունների ինտենսիվությունն ու դաժանությունը, բռնության խմբային բնույթը, կոնկրետ անձանց կոչերը, տուժած քաղաքացիների և բռնարարքներ իրականացրած անձանց թիվը միանշանակ մատնանշում են կազմակերպված խմբակային բռնության հնարավոր նշանները: Համապատասխանաբար, հետաքննությունը, այլ հոդվածների հետ մեկտեղ, պետք է շարունակվի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է բռնությամբ, ջարդերով, ուրիշի գույքի վնասմամբ կամ ոչնչացմամբ ուղեկցվող խմբակային գործողությունների կազմակերպում կամ ղեկավարում և այլն:
Կոչ ենք անում Ներքին գործերի նախարարությանը և դատախազությանը հնարավորինս շուտ առաջնային կարգով բացահայտել ենթադրյալ բռնի խմբերի գործողությունների համար գլխավոր պատասխանատուներին և սկսել նրանց քրեական հետապնդումը: Ինչպես նաև ակտիվ կերպով տեղեկացնել հանրությանը հետաքննության ընթացքի մասին», — ասված է Վրաստանի օմբուդսմենի հայտարարության մեջ: