Վրաստանի ողջ մասշտաբով վերջին 24 ժամվա ընթացքում Ներքին գործերի նախարարությունն արձանագրել է արտակարգ դրության և պարետային ժամվա 286 նոր խախտում: Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն:
Գերատեսչության տեղեկատվությամբ, Ներքին գործերի նախարարության համապատասխան բաժանմունքի աշխատակիցները, երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով բոլոր փաստերի հետ կապված օպերատիվ արձագանք են ունեցել:
Ոստիկանությունն արտակարգ դրության պայմաններում շարունակում է աշխատել 24-ժամյա ռեժիմում:
Ապրիլի 5-ի ժամը 21:00-ից ապրիլի 6-ի ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում՝ պարետային ժամվա ընթացքում, ՆԳՆ-ն տուգանել է 136 քաղաքացու: Բացի այդ, 82 քաղաքացի է տուգանվել՝ հանրային վայրերում մինչև 3 հոգու ներկայության և 2 մետր սոցիալական հեռավորություն պահպանելու մասին կարգը խախտելու համար:
Արձանագրվել է ինքնամեկուսացման կարգի խախտման 9 դեպք, իրավապահները տուգանել են նաև ուղևորների փոխադրման և մեքենայով տեղաշարժման կանոնները խախտող 59 քաղաքացու:
Հիշեցնենք, մեկ ամսով արտակարգ դրություն Վրաստանում սահմանվել է մարտի 21-ին: Մարտի 30-ին Վրաստանի ողջ մասշտաբով համընդհանուր կարանտին հայտարարվեց և պարետային ժամ: Արտակարգ դրության պայմանները խախտելու դեպքում ֆիզիկական անձը տուգանվում է 3000, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով: