Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հարցով արտակարգ մամլո ասուլիս է հրավիրել: Կուսակցության քաղխորհրդի նախագահ Կախա Կալաձեն ներողություն է խնդրել ժողովրդից: Նա նշել է, որ տեղի ունեցածը մեծ հարված էր «Վրացական երազանքի» թիմին:
Կալաձեն ասել է, որ ռուսական պատվիրակությունը կլքի երկիրը: Նրա խոսքով, Վրաստանն ամեն օր և ժամ է պայքարում ռուսական օկուպացիայի դեմ:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում անցկացվում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որը նախագահում է ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը: Սակայն ռուս պատգամավորների ներկայությունն այնքան էլ միանշանակ չի ընդունվում․ նախ պատվիրակությանը Թբիլիսիում ակտիվիստները բողոքի ցույցով են դիմավորել, վանկարկելով, թե «Ռուսաստանն օկուպանտ է»: Այնուհետև Գավրիլովի ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը՝ ի նշան բողոքի լքել է դահլիճը: