Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցի սկզբնահատվածում արդեն երկրորդ տարին է նույն կազմակերպությունը ճանապարհաշինական աշխատանքներ է կատարում:

Վերջին անգամ նշված ճանապարհային հատվածում նորոգման աշխատանքներ է իրականացրել «Միլլենիում Բիլդերս Գրուպ» ՍՊԸ-ը դեռևս 2015 թվականի աշնանը: Սակայն այս ընկերության կատարած աշխատանքը չի ընդունվել Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառույցների նախարարության Ճանապարհային վարչության մոնիտորինգի, ճանապարհային մայրուղիների վերականգնման և պարբերական վերանորոգման ծառայության կողմից:

Ախալքալաքի բնակիչները բողոքում են, որ անցած տարվա վերանորոգումից առաջ Աղմաշենեբելի փողոցի այս հատվածը շատ ավելի նորմալ էր, և վերանորոգման աշխատանքներից հետո մեքենաների համար այն դարձավ անանցանելի:

«Նորից նույն գործն են անում, անցած տարի ցուրտն էր պատճառը, այս տարի էլ կասեն անձրևները խանգարեցին: Ես ուղղակի զարմանում եմ, ցուցակ են լրացնում, թե գործ են անում, խաղ ու պար են դարձրել. ճանապարհը մի անգամ են սարքում երկարաժամկետ, ոչ թե ամեն տարի սարքում են անարդյունք», – ասաց տաքսու վարորդ Սեյրան Քալաշյանը:

Այսօր նույն վայրում աշխատում են նույն ընկերության աշխատակիցները, ովքեր համոզված են, որ այս անգամ կատարած աշխատանքը կընդունվի, քանի-որ համեմատած անցյալ տարվա, այս տարի աշխատանքները իրականացվում են տաք և նորմալ եղանակային պայմաններում:

«2015 թվականին մեր աշխատանքը չընդունվեց, քանի-որ աշխատանքներն իրականացնում էինք ձմռանը՝ ցրտին ու սառնամանիքին, ինչն էլ պատճառ հանդիսացավ վատորակ աշխատանքի համար: Այսօր մենք, համապատասխան պայմանագրի, կրկին կատարում ենք վերանորոգման աշխատանքները: Չնայած ամեն ինչ կատարվում է ինչպես հարկն է: Սակայն վերանորոգումից հետո՝ 2 տարվա ընթացքում եթե ինչ-որ խնդիր լինի, ապա մենք կրկին կգանք և այն կշտկենք», – մեզ հետ զրույցում ասաց «Միլլենիում Բիլդերս Գրուպ»-ի աշխատակից Սոսո Մամուլաշվիլին:

Նշենք, որ ճանապարհավերանորոգման աշխատանքների շտկման համար ընկերությանը տրված վերջնաժամկետը 2016 թվականի մայիսի 3-ն էր, սակայն անբարենպաստ եղանակային պայմաններից ելնելով այն հետաձգվել է: «Միլլենիում Բիլդերս Գրուպը» մինչև մայիսի 16-ը պետք է վերջացնի վերանորոգման աշխատանքները:

«Աշխատանքի ավարտից հետո ստեղծված հատուկ հանձնաժողովը ստուգումներ կանցկացնի ճանապարհի վերանորոգված հատվածում և ստացված արդյունքից ելնելով կորոշվի, արդյո՞ք կատարած աշխատանքը համապատասխան է սահմանված նորմերին, թե ոչ։ Եթե այս անգամ էլ ընկերության կատարած աշխատանքը չհամապատասխանի ճանապարհաշինարարական չափանիշներին, ապա կկիրառվի սանկցիա և «Միլլենիում Բիլդերս Գրուպը» կտուգանվի սահմանված գումարի որոշ տոկոսներով, սակայն հստակ թիվ այս պահին չենք կարող ասել, քանի-որ այն կախված է հանձնաժողովի ուսումնասիրման արդյունքներից», – մեզ տեղեկացրեցին Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների Նախարարության Ճանապարհային վարչության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ 2015 թվականին «Միլլենիում Բիլդերս Գրուպը» Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցի հատվածի (Ախալցիխե-Ախալքալաք 70-71-րդ կմ) վերանորոգման աշխատանքների տենդերը շահեց 514.000 լարի գումարով, իսկ աշխատանքների սկզբնական արժեքը գնահատվել էր 559.000 լարի:

Եթե այս անգամ ևս Ճանապարհային վարչությունը չընդունի աշխատանքները, ապա տենդերի գումարի մի մասը, որը տրվում է աշխատանքների ընդունումից հետո չի վճարվի և այս աշխատանքների համար նոր տենդեր կհայտարարվի:

Ջուլիետա Տոնականյան