Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական ​​նախարարի գրասենյակի Սամցխե-Ջավախքի ներկայացուցիչ է ընտրվել Արմեն Մառանգոզյանը։ Ապրիլի 6-ից նա անցել է իր պարտականությունների կատարմանը:

Մինչ այս (2015 թվականի մարտից մինչև 2022 թվականի փետրվար ամիս) Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական ​​նախարարի գրասենյակի Սամցխե-Ջավախքի ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր Արտյուշ Մելքոնյանը: Վերջինս աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական ​​նախարարի աշխատակազմից հայտնեցին, որ նոր ներկայացուցիչ է նշանակվել, թափուր հաստիք է եղել, այնուհետև մրցույթ հայտարարվել, որի արդյունքում հանձնաժողովն ընտրել է Արմեն Մառանգոզյանին։

Վերջինս ասում է, որ աշխատանքային թափուր հաստիք է տեսել, որոշել է դիմել, մասնակցել է և հաղթել։

«Անելիքներս հետևյալն է՝ նախարարության առաջնահերթություններից ելնելով, իմ լիազորությունների սահմաններում մաքսիմալ աշխատելու եմ»։

Արմեն Մառանգոզյանը ծնվել է 1985 թվականի հունվարի 6-ին Ախալքալաքում։ 1991-2002 թվականներին ավարտել է Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 1 դպրոցը։ 2002-2006 թթ.-ներին ավարտել է Իվ. Ջավախիշվիլիի անվան ԹՊՀ Ջավախքի մասնաճյուղի, տնտեսագիտության ֆակուլտետը։ 2007 թ․-ին ավարտել է քաղաք Քութայիսի Զուրաբ Ժվանիայի անվան պետական ​​կառավարման դպրոցի, կառավարման և որակավորման ամբողջական կուրսը և պետական ​​կառավարման վրացերեն լեզվի ծրագիրը։

Աշխատանքային փորձը՝

03/2009-09/2009 թվականին աշխատել է Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակում, որպես արդարադատության վարչության փորձագետ։

2009-2012 թթ․-ներին եղել է Վրաստանի հանրային պաշտպանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային ներկայացուցիչ։

09/2012–10/2012 թվականին եղել է Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակում, որպես արդարադատության վարչության մասնագետ։

2012-2016 թթ․-ներին եղել է Վրաստանի հանրային պաշտպանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային ներկայացուցիչ։

2016-2017 թթ.-ին եղել է Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի, Ախալքալաք-Նինոծմինդա Կոնտակտային անձ։

2009 թ.ից՝ Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի, Ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամ։

2014 թ.-ին՝ եղել է Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովին կից գիտա-խորհրդատվական խորհրդի անդամ:

2017-2021 թթ․ եղել է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալ։

Տիրապետում է հայերեն, վրացերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։