ԶԼՄ-ների ներկայացուցիչները հավաքվել են կառավարության շենքի մոտ և պահանջում են անվտանգ պայմաններ լրագրողների անարգել աշխատանքի համար: Այսպես նրանք իրենց բողոքն են հայտնում լրագրողների, օպերատորների և լուսանկարիչների վրա հարձակումներին, որոնք իրականացվել են հուլիսի 5-6-ին Թբիլիսիում հոմոֆոբ խմբերի կողմից:
«Պաշտպանիր մեդիայի անվտանգությունը», «Հետաքննիր», «Մի խոչընդոտիր մեր աշխատանքին». գրություններով պաստառներով լուռ ցույցը կազմակերպել էր «Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան»: Մասնակիցներն այս ակցիայով իրենց բողոքն են արտահայտել վերջին օրերին ռադիկալ որոշ խմբերի կողմից լրավտամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ նպատակաուղղված բռնությանն ու կոչ արել պատասխանատվության ենթարկել բռնարարներին:
«Նախ և առաջ ցանկանում ենք համերաշխություն հայտնել հուլիսի 5-6-ի իրադարձությունների հետևանքով տուժած լրագրողներին, որոնք ենթարկվել են ֆիզիկական և բանավոր բռնության, սպառնալիքներով նամակներ են ստացել: Մենք նաև ցանկանում ենք դիմել իշխանություններին, հիշեցնել և բացատրել նրանց, որ նրանք պատասխանատվություն են կրում ԶԼՄ—ների անվտանգության համար», – ասել է Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի տնօրեն Մարիամ Գոգոսաշվիլին:
Ակցիայի մասնակիցների կարծիքով՝ ներքին գործերի նախարարությունը բավարար քանակությամբ ոստիկաններ չի մոբիլիզացրել Թբիլիսիում բախումների ժամանակ, հետեւաբար չէր կարող լրագրողներին պաշտպանել բռնությունից:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-6ին, ռադիկալ ուժերը բռնություն են գործադրել 53 լրագրողի նկատմամբ: