Համացանցում շարունակում են տեղեկատվություն տարածել Լարսի մշտական խցանումների և անանցանելիության վերաբերյալ, սակայն, ինչպես մեզ հաջողվեց պարզել, այս պահին «Վերին Լարս» անցակետում և ճանապարհին չկան խցանումներ և սահմանափակումներ:
Ինչպես գրում են վրացական ու հայկական լրատվամիջոցները, մի քանի օր առաջ առաջացած խցանման պատճառը հացահատիկ տեղափոխող բեռնատարներն են, և խնդիրը կապված էր ռուսական կողմի հետ:
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացրին, որ նրանք մշտական կապի մեջ են, ու այս պահին ոչ «Վերին Լարս» անցակետում և ոչ էլ ճանապարհին, ձյան պատճառով, խցանումներ չկան:
Մենք նաև կապվեցինք տաքսու վարորդի հետ, ով մշտական ուղևորափոխադրումներ է կատարում դեպի Ռուսաստան, նա վերադարձել է երկու օր առաջ, և ոչ մի երթևեկության խցանում ճանապարհին չի եղել: Այս պահի դրությամբ նա կրկին ուղևորներով մեկնում է դեպի Ռուսաստան, քանի որ անցյալ գիշեր այդ ճանապարհով մեքենաներն ազատ տեղաշարժվել են:
«Վերին Լարս» անցակետը գտնվում է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին, որը Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային երթուղին է: