Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի, երեկ՝ հուլիսի 5-ին, Ռուսթավելիի պողոտայում երեք մարդ էր բերման ենթարկվել՝ բռնության, բռնության սպառնալիքների և մասնագիտական լրագրողական գործունեությանը ապօրինի խոչընդոտելու մեղադրանքով:

Ձերբակալվածների թվում նախկինում դատապարտված, 1982 թ.-ին ծնված քաղաքացի Մ.Դ.-ն է, ինչպես նաև 1983 թ.-ին ծնված քաղաքացի Զ.Չ.-ն և նախկինում դատապարտված, 1979 թ.-ին ծնված Զ.Մ.-ն:

ՆԳՆ-ի փոխանցմամբ, նրանք բերման են ենթարկվել «Tbilisi Pride»-ի դեմ բողոքի ցույցի ժամանակ՝ «Ռուսթավի 2», «Մթավարի Արխի», «Տաբուլա» հեռուստաընկերությունների եւ «NewPosts» լրատվական գործակալության ներկայացուցիչների վրա հարձակում գործելու մեղադրանքով:

«Հետաքննությունը տարվում է ՔՕ 154-րդ հոդվածի երկրորդ մասով և 126-րդ հոդվածի առաջին մասով: Ակտիվ հետաքննություն է ընթանում բռնության և իրավախախտումների մեջ ներգրավված անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Հարցվել են տարբեր լրատվամիջոցների 25 ներկայացուցիչներ, ուսումնասիրվում են դեպքերի վերաբերյալ նյութեր, բացահայտվում են հանցագործության մեջ ներգրավված այլ անձինք», – հայտնում է ՆԳՆ-ն:

Հուլիսի 5-ին, ցույցի ընթացքում 53 լրագրողների վրա հարձակվել են հոմոֆոբ խմբեր: Տուժած լրագրողների մի մասը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վնասվել է հեռուստաընկերությունների և ինտերնետ-գործակալությունների տեխնիկան:

Ըստ Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի՝ ԶԼՄ-ների 8 ներկայացուցիչներ տեղափոխվել են կլինիկաներ: