Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հայտարարել է, որ դեմ է Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնմանը: Միևնույն ժամանակ նա կոչ է արել կառավարությանը խստացնել Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների գտնվելու պայմանները:
Վրաստանում իշխող քաղաքական կուսակցության՝ «Վրացական երազանքի» առաջին դեմքերը պնդում են, որ օդային հաղորդակցության վերականգնումը շահավետ է երկրի համար:
«Չվերթները միակողմանի կարգով են սահմանափակվել: Վրաստանը պատժամիջոցների տակ էր, ոչ մի վատ բան չեմ տեսնում, եթե հաղորդակցությունը նրանց [ռուսների] կողմից վերականգնվի: Նույնիսկ ավելի լավ կլինի: Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների թիվը մոտ մեկ միլիոն է», – երեկ ասել է Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանքի» անդամ Կախա Կալաձեն:
Մինչդեռ, նախագահը հայտնել է, որ չի ողջունում Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնումը:
«Այն ժամանակ, երբ բոլոր գործընկեր պետությունները խոսքով ու գործով սատարում են Ուկրաինայի անձնուրաց պայքարին, ինձ համար և, համոզված եմ, շատերի համար, օդային հաղորդակցության հարցում Վրաստանի կառավարության և իշխող կուսակցության դիրքորոշումը, մեղմ ասած, հասկանալի չէ», – ասված է Զուրաբիշվիլիի հայտարարությունում:
Նախագահը նաև կոչ է անում մտցնել լրացուցիչ սահմանափակումներ Վրաստան ժամանող ռուսաստանցիների համար:
«Մեզ պետք է կանոնակարգել աշխատանքի թույլտվություն տրամադրելու, բիզնես գրանցելու, գույք ձեռք բերելու և ռուսական դպրոցներ բացելու ընթացակարգերը», – հայտարարել է Զուրաբիշվիլին: