Նինոծմինդայի թիվ 1 հանրային դպրոցի նախկին սաները տեսել են, թե ինչպես են մանկատան դայակները պատժելով «դաստիարակչական» աշխատանքներ տանում: Բայց նախկինում այդ մասին չէին բարձրաձայնում, քանի որ վախենում էին:
Դպրոցի պատուհանից մանկատունը և մանկատան այգին պարզ երևում է: Մեր զրուցակիցը պատմում է, որ երեխաները, երբ իրար հետ կռվել են, դայակաները սկսել են «դաստիարակչական» աշխատանքներ տանել։ Նրանք այդ ժամանակ չեն բարձրաձայնել իրենց տեսածի մասին, քանի որ վախեցել են:
Դեռևս մանկատան բակում է գտնվում չորս վագոն տնակներից մեկը, որոնցում էլ երեխաներին «դաստիարակել» են։ Նինոծմինդայի բնակիչը պատմում է տարիներ առաջ մանկատանն իր տեսածը։
«Մանկատան շենքի դիմացի այգում վագոներ կային, հիմա մեկը մնացել է, սա կարմիր գույնի է, կար նաև կապույտ գույնի, երեխաններին ուրախ-ուրախ բերում էին այդ վագոն, հետո լաց լինելով դուրս էին գալիս այդ վագոնից։ Մենք դպրոցի պատուհանից էինք տեսնում, եղել է նաև, որ գոտիներով ընկնում էին երեխաների հետևից, բեռնում տանում էին վագոն դաստիարակչական աշխատանքներ իրականցնելու համար», – պատմում է թիվ 1 հանրային դպրոցի նախկին սաներից մեկը։
Նա նաև նշում է, որ երեխաների թևերին կապտուկներ էին նկատում, որոնց համար հետագայում դայակները նաև իրենց են մեղադրել։
«Նրանք գալիս էին մեր դպրոցի մարզադաշտում խաղալու, լինում էր կռվում էինք, ու այդ ժամանակ դայակները գալիս էին ու միանգամից ասում, որ այդ կապտուկները մենք են արել, կարծես առիթից օգտվում էին, որ կռվել ենք։ Եղել է նաև, որ Նինոծմինդայի զբոսայգում մանկատան երեխաները խաղացել են ու իրար չեն հասկացել, դայակները հերթ չէին տալիս, որ նրանք իրար մեջ լուծեին հարցը, իրենք սկսում էին քաշքշել երեխաներին։ Չնայած այդ ամենին, երեխաները միշտ իրար ոգևորում էին, ասում էին միմյանց, որ լաց չլինեն», – պատմում է նա։
Մեր զրուցակիցը նաև նշում է, որ եղել են դեպքեր, երբ մանկատան երեխաների հետ ընկերացել են։
Եղել է նաև մանկատնից փախչելու դեպք, երբ դայակները փողոցներում այդ երեխայի նկարն են ցույց տվել մարդկանց գտնելու համար, բայց չեն հիշում այնպիսի մի դեպք, որ փախչեն ու այլևս չվերադառնան, միշտ գտել ու հետ են բերել։
Թիվ 1 դպրոցի սանը նաև հիշում է, որ մանկատան մոտով անցնելիս մարդիկ տեսել են, թե ինչպես են ծեծում երեխաներին։
Մեր հարցին, թե ինչու՞ այդ ամենը տեսնելուց հետո այդ ժամանակ չեն բարձրաձայնել, կամ ոստիկանություն դիմել, նա ասում է. «Իրենք շատ փակ էին, նրանց գործին ոչ ոք չէր խառնվում, փակ կառույց էր»:
Հարկ է նշել, որ հունիսի 28-ին հանրային պաշտպան Նինո Լոմջարիան երկուսուկես ամսվա սկանդալներից, ակցիաներից, պահանջներից և մեղադրանքներից հետո այցելեց Նինոծմինդայի Սուրբ Նինոյի անվան մանկատուն։ Նա համարում է, որ մանկատան ապաինստիտուցիոնալացումը այս գործընթացում լուրջ ձեռքբերում է, և հուսով է, որ երեխաների կյանքն ավելի լավը կլինի, քան եղել է։ Նա նաև մանկատանը ստուգել էր փաստաթղթերը և խոսել երեխաների հետ։