Ախալցիխեի շրջանային դատարանում հարցաքննվել է քննիչը, որը Նինոծմինդայի Փոկա գյուղում ստուգել է 33-ամյա տղամարդու սպանության մեջ մեղադրյալի մուտքային ու ելքային զանգերը: Այս մասին գրում է sknews-ը:
Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժանմունքի քննիչ Պետրոս Երեմյանը մի քանի հետաքննչական միջոցառում է անցկացրել՝ Փոկայում կատարված սպանության առնչությամբ, այդ թվում` ստուգել է մեղադրյալի հեռախոսը: Գործի նյութերի համաձայն` ամբաստանյալ Գ.Մ.-ը, հանցագործությունը կատարելուց հետո զանգահարել է 112:
Քննիչը դատական նիստի ժամանակ կրկնել է այն բառերը, որոնք մեղադրյալը զանգահարելուց հետո ասել էր:
«112 իսկապես կատարվել է զանգ, որը տևել է 14 վայրկյան: Մեղադրյալը չի խոսել օպերատորի հետ, բայց լսվել են նրա խոսքերը. «Ինչ-որ մի տեղ սպանել եմ, լավ եմ արել»»:
Դատավարությունը տեղի է ունեցել մայիսի 23-ին, Ախալցիխեի շրջանային դատարանում:
Դատավարության ընթացքում ամբաստանյալը պահանջել է վերանայել հոդվածը և հայտարարել, որ սպանությունը չի կատարվել ծանրացուցիչ հանգամանքներում: Դատավոր Գիա Բերաիան չի բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը: Կալանավորին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ և 236-րդ հոդվածներով, ինչը ենթադրում է կանխամտածված սպանություն և հրազենի ապօրինի պահում:
Հաջորդ դատավարությունը նշանակված է հունիսի 6-ին: 2018 թ. դեկտեմբերին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղում սպանվել էր 33-ամյա տղամարդ: Սպանության մեջ մեղադրվում է նրա դասընկերը: Միջադեպից հետո գյուղացիները հրդեհել էին երկու տուն և մեղադրյալի չորս մեքենաները: Այս գործը հետաքննվում է Ներքին գործերի նախարարության կողմից` «ուրիշի գույքին վնաս պատճառել» հոդվածով: