Այս տարի Սաթխայի օրը նշվեց առանց միջոցառման, առանց համերգի, սպորտային մրցումների ու հյուրերի, սակայն գյուղացիներն այս օրն ընդհանրապես չնշել չէին կարող:

Ամեն տարի հունիսի 1-ը մեծ շուքով, սպորտային մրցումներով և երաժշտական միջոցառումներով նշվում է որպես Սաթխա գյուղի օր, սակայն, այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով, բոլոր միջոցառումները ստիպված էին չեղարկել:

Սաթխա գյուղի տոնը նշվում է որպես 1918 թվականի հերոսամարտի զոհերի հիշատակի օր, երբ գյուղը դիմակայել է թուրքերի դեմ՝ պաշտպանելով իրենց հայրենի Ջավախքը և իրենց գյուղը: Ամեն տարի այս օրվա առթիվ ոչ միայն գյուղի բնակիչները, այլև այլ գյուղերի բնակիչներ, ինչպես նաև տարբեր երկրներից ժամանած հյուրեր հավաքվում էին Սաթխա գյուղում:

Սաթխան այն քիչ գյուղերից է, որոնց բնակիչները փախուստի փոխարեն նախընտրել են ճակատամարտել: Պատերազմն ավարտվեց և գյուղացիները հետզհետե սկսեցին վերադառնալ: Պատերազմից առաջ գյուղում բնակվում էր 3400 մարդ, այժմ գյուղում ապրում է մոտ 500 ընտանիք:

Գյուղացիներից մեկի խոսքով, այս տարի յուրաքանչյուր ընտանիք տոնը նշում է բնության գրկում կամ տանը՝ խնջույքով:

Նրա խոսքերով, գյուղից հովանավորները գումար են հատկացրել, որպեսզի գյուղացիներն այս օրը նշեն առատ սեղանով:

Սաթխայում տեղադրվել է գյուղի հերոսամարտի զոհերի հիշատակի հուշարձան: Ամեն տարի հենց այդտեղ էլ միջոցառումներն անցկացվում էին:

сатха2