Հունիսին Վրաստանում գնաճը կազմել է 9,9%՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, հասնելով վերջին 10 տարվա ընթացքում առավելագույնին: Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության «Սաքստատ» («Վրացստատ») նյութերում:
Գնաճի հիմնական պատճառներից մեկը մնում է բնակարանային և կոմունալ ծառայությունների պետական սուբսիդիաների դադարեցումը: 2020 թվականի հունիսի համեմատ բնակարանների, ջրի, էլեկտրաէներգիայի և գազի գներն աճել են 10,5%-ով, ինչն արտացոլվել է տարեկան գնաճի վրա՝ 1,59 տոկոսային կետով:
TOP-10 ապրանքներն ու ծառայությունները, որոնք վերջին տարվա ընթացքում (2021-ի հունիսից մինչև 2020-ի հունիս) ամենաշատն են թանկացել.
Կաղամբ՝ 106%,
Արեւածաղկի ձեթ` 96%,
Պղպեղ՝ 59%,
Դիզելային վառելիք՝ 52%,
Գազար՝ 47%,
Շաքարավազ՝ 35%,
Անոթների լայնացման դեղորայք՝ 29%,
Ցավազրկողներ՝ 28%,
Կանաչեղեն՝ 25%,
Մարգարին՝ 25%,
Ձու՝ 25%,
958 հարգի ոսկուց պատրաստված հարսանեկան մատանիներ՝ 24%,
Ավտոպահեստամասեր՝ 19%:
Ընդհանուր առմամբ, «տրանսպորտ» խմբում անցած տարվա ընթացքում գներն աճել են 22%-ով, ինչը արտացոլվում է ընդհանուր գնաճի ինդեքսում՝ 2.54 տոկոսային կետի տեսքով: Եթե խոսենք առանձին կատեգորիաների մասին, ապա 2020 թ.-ի հունիսի համեմատ, անձնական տրանսպորտային միջոցների շահագործման գներն աճել են 33,4%-ով, մեքենաների գնումը` 1,8%-ով, իսկ տրանսպորտային ծառայություններինը` 1,6%-ով:
Վերջին մեկ տարվա ընթացքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 8,8%-ով: Յուղերն ու ճարպերը թանկացել են 47.1%-ով, բանջարեղենն ու սեխը` 16.6%-ով, շաքարավազը, ջեմը և այլ քաղցրավենիքը` 13.7%-ով, կաթը, պանրեղենն ու ձուն` 10.6%-ով, հանքային և աղբյուրի ջրերը, զովացուցիչ ըմպելիքները և բնական հյութերը՝ 7.3%-ով, սուրճը, թեյը և կակաոն` 7.2%-ով, հացն ու հացամթերքը` 5.5%-ով, միսը և մսամթերքը` 5.3%-ով:
Տարեկան գնաճը 2019-ին կազմել է 7%: Իր մակարդակը պահելու համար, Վրաստանի Ազգային բանկը (ՎԱԲ) 2019-ի սեպտեմբերից սկսեց խստացնել դրամավարկային քաղաքականությունը: Այս ժամանակահատվածում վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.5-ից հասավ 9%-ի, այնուհետև 2020-ի օգոստոսին իջավ մինչև 8%, իսկ 2021-ի մարտին նորից սկսեց աճել:
2020-ի սկզբից տարեկան գնաճի մակարդակը սկսել է նվազել: Հունվարին և փետրվարին այն կազմել է 6.4%, մարտին՝ 6.1%, սեպտեմբերին՝ 3.8%, և այս մակարդակում մնացել է երեք ամիս: 2021 թվականի սկզբին պարզ դարձավ, որ դրական միտումը ժամանակավոր բնույթ է կրում: Փետրվարին տարեկան գնաճը կազմել է 3,6%, իսկ մարտին՝ 7,2%: