«Մեր հիմնական խնդիրներից մեկը մեր երկիրն ավելի ինքնաբավ դարձնելն է, իհարկե, մենք դեմ չենք ներմուծմանը, բայց մեր երկրում մենք կարող ենք ավելին արտադրել, դրա համար մենք ներկայացնում ենք ծրագրեր, որոնք ապահովում են մեր քաղաքացիների ավելի մեծ ներգրավվածությունը», – այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության՝ «Բնապահպանություն և գյուղի զարգացում մինչև 2030 թվականը» ծրագրի ներկայացման ժամանակ։

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ կառավարությունն առաջին անգամ ավարտել է փաստաթղթի շուրջ աշխատանքները, իսկ թեմատիկ քննարկումները կսկսվեն այսօր: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարին և նրա թիմին` իրենց կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել նրանց:

«Հիշեցնեմ, որ վերջին ութ տարվա ընթացքում գյուղատնտեսության ոլորտում պետական ​​ներդրումների ծավալը կազմում է շուրջ 2 միլիարդ լարի: Բացի այդ, մասնավոր հատվածը այս ոլորտում ներդրել է շուրջ 1 միլիարդ լարի: Մեր հավակնոտ ծրագրի համաձայն, առաջիկա տարիներին պետության և մասնավոր հատվածի համատեղ ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 7 միլիարդ լարի: Արդյունքում, մենք ակնկալում ենք, որ առաջընթացն ավելի ընդգրկուն կլինի: Մեր հիմնական խնդիրը պետք է լինի հնարավորինս շատ քաղաքացիների աշխատանքի տեղավորումը, մեր ավելի շատ համաքաղաքացիներին գյուղատնտեսության մեջ ներգրավելը: Իհարկե, մենք նկատի ունենք շրջանների զարգացումն ու հզորացումը», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: