Վրաստանի քաղաքացիներին շտապ օգնության բժիշկների հետ միասին շտապ բժշկական օգնություն կցուցաբերեն մոտոցիկլետով պարամեդիկները: Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնը հայտարարել է այսօր նոր ծրագրի մեկնարկի մասին:
Պարամեդիկը բժշկական մասնագետ է, ով աշխատում է շտապօգնությունում, փրկարարական ծառայությունում և զորամասերում ու ունի հոսպիտալային փուլում շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու հմտություններ:
«Մենք ուսումնասիրել ենք աշխարհի առաջատար երկրների փորձը, տեղեկատվություն ենք փոխանակել, և ելնելով այն բանից, որ հանգստյան գոտիներում հանգստացողների թիվն ամեն տարի աճում է, մոտոպարամեդիկների ներգրավումը շատ հաջողակ կլինի», – հայտարարել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Կալանդիան:
Կենտրոնն արդեն վերապատրաստել է 105 պարամեդիկների` նոր ծառայությունը գործարկելու համար: Առաջիկայում նրանց համար ձեռք կբերվի 35-40 մոտոցիկլետ: Վարչությունն արդեն հայտարարել է համապատասխան տենդերը:
Ինչպես բացատրել է Կալանդիան, ծառայությունը կգործի առողջարաններում, ինչպես նաև խոշոր քաղաքներում, որտեղ խցանումների պատճառով շտապօգնության մեքենաների երթևեկությունը հաճախ դժվարանում է: Մասնավորապես, մոտոցիկլետներով պարամեդիկները կժամանեն ՃՏՊ-ի վայր:
Պարամեդիկների աշխատանքի հիմնական առավելությունը արդյունավետությունն է: Հասնելով կանչի վայր, մասնագետը կգնահատի հիվանդի վիճակը և, անհրաժեշտության դեպքում, կխնդրի ամրացում: Կալանդիան նշել է, որ այս ծառայությունը հաջողությամբ օգտագործվում է Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, Իտալիայում:
Վրաստանի արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի ավտոպարկը բաղկացած է ավելի քան 330 տրանսպորտային միջոցներից, ինչպես նաև 17 ռեանիմոբիլներից: Այսօր այն համալրվել է ևս 38 մեքենայով՝ 33 շտապ օգնության և հինգ ռեանիմոբիլով: