Վրաստանում ուժի մեջ է մտել ֆիզիկական և իրավաբանական անձանց համար երկրի ներսում արտարժույթով առք ու վաճառք կազմակերպելու և ծառայությունները արտարժույթով գնահատելու և գովազդելու արգելքի օրենքը:
Համապատասխան օրենսդրական փաթեթը գործարարներից պահանջում է ծառայությունների և ապրանքների գների՝ միայն լարիով ներկայացում: Տարեսկզբին խորհրդարանի կողմից ընդունված օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի երկրի ֆինանսական շուկայում կայունություն ապահովել:
Մինչ օրենքի ուժի մեջ մտնելը Կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել՝ խնդրելով առք ու վաճառքի բոլոր մասնակիցներին հաշվի առնել, որ օրենքի խախտումը, որով լարին համարվում է Վրաստանի տարածքում վճարման միակ միջոցը, նախատեսում է համապատասխան տուգանքներ, որը սահմանված է վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում: Պահանջները չկատարելու դեպքում ֆիզիկական անձինք կտուգանվեն 500 լարի, իրավաբանական անձինք՝ 2000 լարի: Կրկնվելու դեպքում՝ համապատասխանաբար 1000 և 5000:
Բացառություն կկազմեն այն դեպքերը, երբ ծառայություններն ու ապրանքները, այդ թվում տուրիստական առաջարկները օտարերկրացիներին ներկայացված են օտարալեզու կայքերում և պորտալներում, նաև երկաթուղային և միջազգային փոխադրումների, ինչպես նաև ռոմինգային ծառայությունների գները:
Նյութը արտատպված է Aliq Media-ից