Ամբողջ աշխարհում ՏՏ ոլորտը համարվում է ամենաարագ զարգացող և, համապատասխանաբար, տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածը, այնուամենայնիվ, Վրաստանում, ինչպես և մնացած բոլոր երկրներում, այս ոլորտում որակավորված կադրերի պակաս կա:

«UniPAY» ընկերության տնօրեն Կոբա Քուրդաձեի խոսքով, ներկայումս Վրաստանում կրթական համակարգը ինստիտուցիոնալացված չէ այնքան, որ անհրաժեշտ մակարդակի և բարձր որակավորման ՏՏ մասնագետների պատրաստի:

«Վերջերս համալսարաններում հայտնվել են տեխնիկական ֆակուլտետներ, և այնտեղ սովորել ցանկացողների թիվը բավականին մեծ է: Բայց դա ժամանակ է պահանջում։ Այդ կադրերը առնվազն 5 տարի հետո կգան աշխատանքային շուկա, բայց այդ մասնագետների կարիքը կա հենց հիմա: Բացի այդ, նույնիսկ համալսարանում ամենահետաքրքիր դասախոսությունները մարդուն չեն դարձնի ծրագրավորող: Վրաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների ճնշող մեծամասնությունն այժմ ինքնուս է, ովքեր աշխատում են ինքնուրույն և ձեռք են բերում նոր գիտելիքներ` հիմնականում ինտերնետի միջոցով», – հայտարարել է նա:

Նրա խոսքով՝ ինքը 10 տարի աշխատում է ՏՏ ոլորտում, բայց կադրերի խնդիրն այս ամբողջ ընթացքում չի կորցրել իր արդիականությունը։ Ամենադժվարը թեման հիմնովին տիրապետող մասնագետներ գտնելն է:

«Բիզնեսում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կադրերի պակաս կա: Յուրաքանչյուր ոք, ով կարող է ինչ-որ բան անել, խլում են օտարերկրյա ընկերությունները, վրացական շուկա մուտք գործող միջազգային ընկերությունները իրենց աշխատողներին դոլարով մեծ աշխատավարձ են վճարում, համապատասխանաբար, տեղական ընկերությունները չեն կարող իսկապես որակավորված մասնագետներ վարձել: Վրաստանի սահմաններում դժվար է զարգանալ, քանի որ շուկան փոքր է, այստեղ իրականացվող ծրագրերը մասշտաբային չեն, իսկ եթե խոշոր ծրագրեր կան, դրանք իրականացնում են օտարերկրյա ընկերությունները կամ միջազգային ֆինանսական հաստատությունները, որոնք կարող են իրենց թույլ տալ վերցնել լավագույններին: Տեղական փոքր ու միջին ընկերությունները նման հնարավորություն չունեն», – հայտարարել է ընկերության ղեկավարը:

Ըստ նրա, եթե ինչ-որ մեկը ցանկանում է հավելված ստեղծել Վրաստանում, անհրաժեշտ մասնագետներ գտնելը գրեթե անհնար է:

«Աշխատաշուկայում հիմնականում դիլետանտներ են, ովքեր լավագույն դեպքում ոչ մի բան չեն կարող անել, վատթարագույն դեպքում նրանք պարզապես կփչացնեն ամեն ինչ: Իհարկե կան այնպիսի կադրեր, ովքեր իրենց աշխատանքի ընթացքում ինչ-որ բան կսովորեն, բայց այս պահին բիզնեսը ոչ մի օգուտ չի ստանում: Եթե​​ վարձում եք օտարերկրացի ծրագրավորողների, դա շատ թանկ է։ Միջին հաշվով մեկ ժամ տևողությունը 35-ից 70 դոլար է: Արդյունքում, փոքր ընկերությունների համար ընդհանրապես իմաստ չունի ինչ-որ բան ստեղծել, հետեւաբար, որպես կանոն, շուկայում գրեթե նոր ապրանքներ չկան», – հայտարարել է Կոբա Քուրդաձեն:

Միևնույն ժամանակ, ըստ նրա, Վրաստանում ծրագրավորողներին մի քանի անգամ ավելի էժան է վարձել, քան նույնիսկ Ուկրաինայում և Բելառուսում, էլ չեմ ասում այլ՝ ավելի հարուստ երկրների մասին:

«Վրացական ընկերությունները քիչ են վճարում, քանի որ նրանց եկամուտները քիչ են, իսկ լարիի փոխարժեքն անընդհատ արժեզրկվում է: Հետևաբար, կադրերի պահպանումը մեծ խնդիր է նրանց համար` հիմնականում արտերկրում կամ Վրաստանում գործող արտասահմանյան ընկերությունների մասնագետների արտահոսքի պատճառով: Բազմաթիվ օրինակներ կան, թե ինչպես են մեր կադրերն աշխատում աշխարհի առաջատար ՏՏ ընկերություններում: Իհարկե, նրանցից ոչ ոք չի վերադառնա Վրաստան», – կարծում է «UniPAY» ընկերության ղեկավարը:

Նրա խոսքով՝ Նորարարության գործակալությունը աջակցում է սկսնակ գործարարների սթարթափերին, բայց միևնույն ժամանակ չի կարելի ասել, որ Վրաստանում ՏՏ ընկերությունները լավ պայմաններում են աշխատում:

«Լավ կլիներ, եթե Վրաստանում տեխնոլոգիական ընկերությունները օգտվեին հարկային արտոնություններից, որպեսզի նրանց եկամուտներն աճեին, նրանք կարողանային բարձր աշխատավարձ վճարել իրենց աշխատակիցներին և գրավել ներդրողներին: Բայց այս ամենից և ոչ մեկը չկա, ուստի այժմ բոլոր ընկերությունները փորձում են հնարավորինս խնայել և վարձել նվազագույն թվով աշխատողների, ովքեր կանեն ամեն ինչ», – հայտարարել է Կոբա Քուրդաձեն: