Նինո Լոմջարիայի այցը Սուրբ Նինոյի անվան մանկատուն ավարտվել է, բայց դա կկրի շարունակական բնույթ: Արդեն կան Մարդու իրավունքների պաշտպանի առաջին առաջարկությունները: Մանկատան տնօրինությունը պատրաստակամություն է հայտնում հաշվի առնել բոլոր առաջարկությունները:
Այսօր Նինո Լոմջարիայի այցն ավելի շատ տեղեկատվական բնույթ էր կրում: Նա ծանոթացավ երեխաների հետ:
«Իհարկե, երեխաների կողմից կար որոշակի օտարում, երեխաների մոտ վատ պատկերացում, վախեր: Այսօր մեր հիմնական նպատակն էր երեխաների հետ ծանոթանալ, շփման մեջ մտնել նրանց հետ, զրուցել նրանց հետ», – ասում է Վրաստանի հանրային պաշտպանը:
Նինո Լոմջարիան այսօր ուսումնասիրել է նաև մանկատան փաստաթղթերը:
«Նախևառաջ, մենք ունենք առաջարկություն, որ փաստաթղթավորումը դասավորվի, դրանք շատ են և քաոսային իրավիճակ է: Մենք կշարունակենք ուսումնասիրել փաստաթղթերը, մեկ օրն իրոք բավարար չէր սրա համար: Առաջին հայացքից չկա միասնական բազա: Չկա համապարփակ տեղեկատվություն», – ասաց նա՝ նշելով, որ ուսումնասիրելու սահմանափակ ժամանակի պատճառով չի շտապում գնահատականներ տալ:
Ըստ Նինո Լոմջարիայի` մանկատանը կա համագործակցելու պատրաստակամություն:
«Այսօր ես լիովին պատրաստակամություն զգացի, որ առաջարկությունները ամբողջությամբ հաշվի կառնվեն», – ասաց նա:
Այս միտքը հաստատեց նաև Բոդբեի եպիսկոպոս Յակոբը, որը մանկատան ղեկավարն է հանդիսանում:
«Մենք նկատի կունենանք բացարձակապես բոլոր առաջարկությունները, ինչպես Եվրամիության, նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի, մեր պետության, առաջին հերթին` օրենքը: Մեր դռները բաց են», – ասաց Գերաշնորհ Յակոբը:
Դեռ հունիսի 17-ին, Բոդբեի եպիսկոպոս Յակոբը և Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան հանդիպել էին` քննարկելու Նինոծմինդայի մանկատան խնդիրները: Հենց այս հանդիպմանն էր համաձայնություն ձեռք բերվել, որ մանկատան ղեկավարը՝ Բոդբեի եպիսկոպոսը, Գերաշնորհ Յակոբը և Հանրային պաշտպանը միասին կայցելեն մանկատուն:
Նշենք, որ մանկատան շուրջ սկանդալը բռնկվել էր մոտ 2 ամիս առաջ, երբ ՄԻՊ-ը հայտարարել էր, որ իրեն թույլ չեն տալիս մանկատանը մոնիտորինգ անցկացնել: Դրանից հետո սկսվեցին խոսակցություններ՝ մանկատանը բռնության դեպքերի, ինչպես նաև այնտեղ բազմաթիվ այլ կոպիտ խախտումների մասին: ՄԱԿ-ը Վրաստանի իշխանություններին հանձնարարեց մոնիտորինգ անցկացնել Նինոծմինդայի մանկատանը: Հունիսի սկզբից Նինոծմինդայի մանկատանն աշխատում են տարբեր ծառայություններ և աշխատողներ: Սոցիալական աշխատողները մնում են այնտեղ շուրջօրյա: Մանկատուն այցելել են պատգամավորներ, այս թեմայի շուրջ աշխատելու նպատակով Պատրիարքարանում ստեղծված հանձնաժողովը հատուկ այնտեղ էր աշխատում: Իրենց հերթին, երեխաները հետզհետե տեղափոխվել են այլ վայրեր, այլընտրանքային խնամքի կենտրոններ կամ սեփական ընտանիքներ: Նինոծմինդայի մանկատանը հետաքննվում են բռնության և բռնաբարության դեպքեր: