Հուլիսի 1-ից Վրաստանում վաճառքում կլինեն միայն այն մանկական խաղալիքներ, որոնք անցել են հատուկ տեխնիկական ստուգում` անվտանգության չափանիշներին համապատասխանելու համար:
Նոր տեխնիկական կանոնակարգը պետք է ուժի մեջ մտներ հունիսի 1-ից, սակայն կառավարությունն այն ընդունեց մեկ ամիս հետաձգումով: Կանոնակարգերը հաստատվել են 2020 թ.-ի հունվարի 20-ին և հիմնականում դրանք ուղղված են օգտագործված խաղալիքների դեմ, որոնք մեծ քանակությամբ Վրաստան են ներմուծվում Եվրոպայից և ԱՄՆ-ից:
Մանկական խաղալիքների շուկայի այս սեգմենտը մեծ պահանջարկ ունի՝ բարձրորակ ամերիկյան և եվրոպական խաղալիքները ավելի մատչելի գնով շատ ավելի տարածված են, քան թանկարժեքը, նորը և չինականը, որոնք մեծ քանակությամբ վաճառվում են Վրաստանի մանրածախ ցանցերում:
Նման ներմուծման նկատմամբ ուղղակի արգելք չկա, այնուամենայնիվ, ներդրվում են պայմաններ, որոնք գրեթե անհնար է իրականացնել, մասնավորապես, երկրորդական խաղալիքներ ներկրողներից պահանջվում է մաքսակետում ներկայացնել քիմիական, ֆիզիկական, հիգիենիկ, ռադիոակտիվ և այլ տեսակի անալիզներ՝ առանց որոնց արդյունքների նրանց կարգելվի ապրանքը ներմուծել երկիր:
Քանի որ այս տեսակի գործունեությամբ, ճնշող մեծամասնությամբ, զբաղված է փոքր և միջին բիզնեսը, իսկ խաղալիքները գնում են անհամակարգային, հատով, այլ ոչ թե խմբաքանակով, պետության բոլոր պահանջները բավարարելը կդառնա գրեթե անհնար:
Ներմուծողներն իրենք համարում են, որ իշխանությունների գործողություններն այս բիզնեսը սպանելու փորձ է՝ հօգուտ խոշոր ներմուծողների: Նրանց կարծիքով, այն փաստը, որ ԱՄՆ-ից և Եվրոպայից ներմուծված խաղալիքներից նախկինում օգտվել են ամերիկացի և եվրոպացի երեխաները, ինքնին՝ առանց որևէ ստուգման, որակի երաշխիք է, ավելի մեծ չափով, քան ցանկացած ստուգում:
Բացի այդ, Վրաստանում ժամանակ առ ժամանակ բացահայտվում են անորակ ու վտանգավոր խաղալիքների ներկրման դեպքեր, բայց դա երբեք չի ազդել Եվրոպայից և Ամերիկայից երկրորդական խաղալիքների վրա: