Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել Հայաստանի Տավուշի թեմի Երիտասարդաց միության պատասխանատու Թովմաս Առաքելյանի «Ճանապարհ» գրքի շնորհանդեսը, որին մասնակից են դարձել Վիրահայոց թեմի ներկայացուցիչները:
Մի քանի ամիս շարունակ, Հայաստանում գիրքը համարվում է բեսթսելլեր և բացի շնորհանդեսից, ցանկացողների համար հնարավորություն է ստեղծվել Վրաստանում ևս ձեռք բերել այն:
Գիրքը փոքրիկ ճամփորդությունների միջոցով պատմում է Հայ Առաքելական եկեղեցու մասին։ Գրքի հերոսը հենց ընթերցողն է, ում հեղինակն ուղեկցում է, բացատրում, թե ինչ է կատարվում Հայոց եկեղեցում: Զուգահեռ հնչում են նաև եկեղեցական հայրերի, վարդապետների, հոգևորականների խոսքերը, որոնք անբաժան են քրիստոնյայի կյանքից։ Այստեղ ամփոփված տեղեկությունները կարևոր են, քանի որ առօրյա կյանքում անկասկած առնչվում ես քրիստոնեական այս խորհուրդներին, ավանդություններին, սովորություններին:
Շնորհանդեսի ժամանակ Թովմասը պատմեց գրքի ստեղծման պատմությունը, հանդիսատեսին ներկայացրեց իր աշխատանքը, որից հետո հարց ու պատասխանի միջոցով ներկաներն իրենց հարցերն ուղղեցին հեղինակին և առիթ ունեցան նաև ոչ ֆորմալ կերպով շփվել նրա հետ:
Jnews-ին տված իր հարցազրույցում Թովմասը նշեց, որ տարիներ առաջ պատկերացում անգամ չէր կարող ունենալ, որ գալու է մի օր, երբ իր հեղինակային գրքով այցելելու է Թումանյանի տուն-թանգարան:
«Այսօր գիրքը Հայաստանում դարձել է ամենավաճառվող փաստավավերագրական գիրքը, դա ինձ համար իրոք մեծ հաղթանակ է, բայց Հայոց եկեղեցու մասին «Ճանապարհ» գրքի հաղթանակն անանձնական է, և դա բոլորիս հաղթանակն է, որ այսօր այդպիսի բովանդակության գիրքը վաճառվում է, հետաքրքրում է մարդկանց և հասնում է մեր ժողովրդի գրասեղաններին»։
Թովմաս Առաքելյանի խոսքով, այսօր երիտասարդները՝ լինի հայրենիքում թե՞ Սփյուռքում, լցված են պարտութան, հուսահատության, ճնշվածության ինչ-որ վախերով։ Նրանց պետք է գիրք, որը ոգևորելու է, ուժ է տալու, թույլ տալով ինքնությամբ և արժեքներով, բարոյագիտությամբ և եկեղեցու նկատմամբ հավատարմությամբ, ամուր կանգնելով երկու ոտքի վրա և Թումանյանական շնչով քայլելու այն հայոց գալիք հաղթանակի ուղղությամբ։
«Մեր հոգին ձգտում է դեպի հաղթանակ, մեր հոգին ձգտում է դեպի հայոց գալիք հզորություն։ Ես վստահ եմ, որ լավ գիրքը մի քայլ է դեպի այդ հաղթանակը, լավ գրքով, գրականությամբ և հայոց եկեղեցով ենք հաղթելու հավատարիմ լինելով Թումանյանին»: