Թբիլիսիի բնակիչները գնալով սկսում են ահազանգել բնակելի տների մոտ թունավոր օձերի հայտնվելու մասին: Այս մասին հայտնում է «Մթավարի» հեռուստաալիքը՝ Թբիլիսիի քաղաքապետարանին առընթեր Կենդանիների մոնիտորինգի գործակալության տվյալների վրա հենվելով:
Գործակալության տվյալներով, մի քանի օրվա ընթացքում նրանց «թեժ գծին» ահազանգել են ավելի քան 450 հոգի: Մասնագետները պարզապես չեն կարողանում կառավարել նման ներհոսքը:
Որպես կանոն, կանչերը գրանցվում են Դիդի Դիղոմիի, Սաբուրթալոյի, Օրթաճալայի և Աֆրիկայի բնակավայրերի բնակիչների կողմից: Հիմնականում քաղաքացիները բողոքում են ընտանի կենդանիների և մարդկանց համար ամենավտանգավոր օձերից մեկից՝ գյուրզայից:
«Գյուրզան թունավոր և շատ վտանգավոր օձ է: Դրանց երկարությունը հասնում է 1,5-2 մետրի», – ընդգծել է գործակալության աշխատակիցը:
Խայթոցի դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս նախքան ամբուլատոր բուժօգնություն ստանալը և «հակագյուրզինը» ներարկելը ավելի քիչ շարժվել և հնարավորինս շատ հեղուկ խմել:
Վրաստանում օձերի շուրջ 24 տեսակ է տարածված, որոնցից չորսը թունավոր են՝ գյուրզա, լեռնատափաստանային իժ, կովկասյան իժ և երկարաքիթ իժ: Թբիլիսիում հանդիպում են օձերի մոտ 12 տեսակներ:
Որպեսզի օձերը բույն չդնեն, փորձագետները քաղաքի բնակիչներին խորհուրդ են տալիս բակերում չպահել վառելափայտ և շինանյութեր, աղբը չթողնել դրսում և խոտը հնձել: