Տասնամյակներ առաջ փակված գյուղական գրադարաններից գրքերը տեղափոխվում են Ախալքալաքի Գլխավոր գրադարան, որտեղ տեղավորելու տեղ և անհրաժեշտ պայմաններում պահելու հնարավորություն չկա։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուզավեթ գյուղի կամավորները գրքերի կապոցներ են բերում Ախալքալաքի գրադարան։ Բուզավեթի նախկին գրադարանի գրքերը բեռնաթափվել են Մշակույթի տան մոտ, որտեղ էլ գտնվում է Ախալքալաքի Գլխավոր գրադարանը։ Բուզավեթի գրադարանը, ինչպես բոլոր գրադարանները, փակվել է 2005թ.-ին: Գյուղի ներկայացուցիչների խոսքով՝ գրքերն իր տանն է պահել գյուղացիներից մեկը։ Այս ամբողջ ընթացքում նրանք հնարավորինս խնամել են դրանք, կրծողների համար թակարդներ են դրել։ Գրադարանի գրքերը չեն թույլատրվում տեղափոխել տներ, իսկ գյուղերում այլ հարմար տարածքներ չկան։

Ժամանակին Ախալքալաքի մունիցիպալիտետում կար 89 գրադարան, ամեն գյուղ ուներ իր գրադարանը, գյուղեր կային, որտեղ նույնիսկ երկու-երեք գրադարան կար։ Գրադարանների փակվելուց հետո գրքային ֆոնդը մնաց գյուղերում։ Այժմ գյուղական գրադարանների գրքերը, բացառությամբ 16 գործող գրադարանների, կտեղափոխվեն կենտրոնական գրադարան, որտեղ գրքերի թիվն արդեն կազմում է մոտ 500 000: Գլխավոր գրադարանը բացվել էր 2006 թվականին։ Հետո բացել էին ևս 4 գյուղում, ժամանակի ընթացքում իրենց աշխատանքը վերսկսել էին եւս 12 գյուղում։ Այսօր մունիցիպալիտետում կա 17 գործող գրադարան։

knigi2

Փակ գրադարանների բոլոր գրքերը ևս հնարավոր չէ տեղավորել կենտրոնականում, քանի որ գրադարանն ինքը գտնվում է Մշակույթի տան տարածքում, որտեղ գրքերը պահելու համար անհրաժեշտ պայմաններ չկան։

«Կենտրոնական գրադարանը բացվել է 2006 թվականին: Հետո, երբ դարձանք իրավաբանական անձ, դարձանք Գլխավոր գրադարան: Այստեղ՝ այս տարածքում, ոչ էլ պատուհան կար, ոչ մի բան չկար: Տանիքից ջուրը էր թափվում, առաստաղը փլվում էր…»,- ասում է Գլխավոր գրադարանի տնօրեն Թեկլե Վախթանգիշվիլին։

Մի քանի սենյակները փոքր-ինչ կարգի բերելուց հետո գրադարանն աշխատում է, սակայն, չնայած այն հանգամանքին Մշակույթի տան շենքը ջեռուցման համակարգ ունի, գրադարանի տարածքը փայտի վառարաններով են ջեռուցվում, ինչպես 90-ականներին, ԽՍՀՄ փլուզումից հետո: Անցյալ տարի (2021) գրադարանի 3 սենյակները վերանորոգվել են մոտ 17 000 լարիով, սակայն գրադարանի ֆոնդից հարյուրավոր և հազարավոր գրքեր, որոնք պետք է դասավորված լինեին գրադարակներում, այժմ գրակույտ են դարձել, քանի որ տեղ չկա դարակների համար, իսկ ջեռուցում չի անցկացվել։

knigi 3 - Copy

Որոշ գյուղերի փակ գրադարանների գրքերը դեռ մնում են այնտեղ՝ մասնավոր տներում, սակայն դրանք պետք է տեղափոխվեն Ախալքալաքի Գլխավոր գրադարան։ Արդեն տեղափոխվել են Բուզավեթ, Տուրցխ գյուղերից, ակնկալվում է ստանալ Խոսպիո և մնացած գյուղերից ևս։

Գլխավոր գրադարանում, սակայն, այս գրքերի համար ոչ տեղ կա, ոչ էլ համապատասխան պայմաններ։ Չկա կայուն ջերմաստիճան, չկան գրադարակներ, չկա տարածք, պատուհանների բացակայության պատճառով միջանցիկ քամի է տիրում, փոշի, գրքերը վնասում են կրծողները։

knigi - Copy