Վերջին օրերի ընթացքում Ախալքալաքում տեղեկություն տարածվեց այն մասին, որ գազաբաշխիչ SJGC ընկերության աշխատակիցները հիվանդացել են կորոնավիրուսով, և նրանցից մեկը գտնվում է Նինոծմինդայի հիվանդանոցում: Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնի տեղեկատվության համաձայն, ընկերությունում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու միայն մեկ դեպք:

ՀԱԿ-ի փոխանցմամբ՝ աշխատակցի և նրա ընտանիքի անդամներից մեկի մոտ կորոնավիրուսը ախտորոշելուց հետո ընկերության բոլոր աշխատակիցներն հանձնել են թեստ:

«Քանի որ այդ մարդն աշխատում էր գազաբաշխիչ ընկերությունում, մենք երկու անգամ թեստ ենք անցկացրել, բայց գազաբաշխիչ ընկերությունում չունենք ոչ մի կորոնավիրուսով հիվանդ: Երբ այդ անձն իրեն վատ է զգացել՝ չի գնացել աշխատանքի, չի հասցրել որևէ մեկին վարակել: Երկու անգամ թեստն իրականացվել է չորս օրը մեկ, եթե լիներ, մենք կիմանայինք: Մեկը ջերմություն ուներ, բայց նա պարզապես մրսել էր», – ասում է ՀԱԿ-ի լաբորատորիայի տեղակալ Սիրուշիկ Տոնականյանը:

Jnews-ը կապ հաստատեց SJGC ընկերության վարակված աշխատակցի հետ, ով գտնվում է Նինոծմինդայի հիվանդանոցում, նա չունի ջերմություն և իրեն լավ է զգում: