Ջավախքի հերոս վետերանները. Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների շարքերը նոսրանում են, սակայն հիշողությունները շարունակում են ապրել:
Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում կյանքի 93-րդ տարին է ապրում Աշոտ Ալագույլանը: Մարդ, ով 16 տարեկանում զինվորագրվել է սովետական բանակ: Մարդ, ում Ես-ը հենց պատերազմի դաշտում է ձևավորվել:
«1942 թվին էր, ես հովիվ էի, սարեն վար փերին բանակ տարան, ախբարս ընկել ոտքը ջարդել էր, ստիպված ըսի իրեն տեղը ես քուքամ, փոքր երեխա էի, 16 տարեկան ընդամենը, իսկական 25 թվի ծնված էի, ախբորս տեղը քնացի: Մարս կուլար, սաղ կուլաին… (հեղ. Աշոտ պապի աչքերը խոնավանում են)»,- պատմեց պատերազմի վետերանը:
Աշոտ պապը, պատմելով պատերազմի մասին իր հիշողություններից, ժամանակ առ ժամանակ նշում էր. «Կռվում էինք հանուն հայրենիքի, ընկերդ կողքիդ զոհվում էր, վիրավորվում, սիրտդ ցավից տրաքում էր, բայց դու պիտի կռվեիր, ուրիշ տարբերակ չկար»: Վետերանը նշում է, որ ամեն անգամ, յուրաքանչյուր մարտից հետո, հաշվել են, թե ով մնաց և ով զոհվեց:
93 տարեկան ծերունին լավ է հիշում, երբ առաջին անգամ արկ է բաց թողել:
«Ինչ կսեին էդիկ կենեի, Ակոն ճվաց շնուրը քաշե, քաշեցի ու շշմած կաշեի, ընկեր Մուրադյանը հարցուց՝ ի՞նչ եղավ, ըսի սնարյադն ուր քնաց, հըբը Աշոտ ջան սնարյադը 20 կիլո է, էսման կերթա վեր ու թշնամուն գլխուն կընկնի, ես երեխա էի չգիտեի, չէի հասկանում…», – պատմեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի վետերան Աշոտ Ալագուլյանը:
Մի քանի օր առաջ Խանդո գյուղը հարուստ էր երկու վետերանով, այսօր այնտեղ մնաց միայն մեկ հոգի: 15 օր առաջ Խանդո գյուղում խոսեցինք նաև Երկրորդ համաշխարհայինի մասնակից Համբարձում Նուրիջանյանի հետ: Սակայն այսօր, ցավով տեղեկացանք, որ նա մահացել է մայիսի 7-ին:
Մեր հարցին, թե հիշում է արդյոք, որ դիվիզիայում է ծառայել, կյանքի վերջին օրերը ապրող Համբարձում պապը պատասխանեց շատ հստակ ու պարզ. «Համբարձում Վանոյի Նուրիջանյան, հասակս առնելով-մեծանալով Վրաստանում 1941 թվի դեկտեմբերի 10-ին զինվորագրվել եմ սովետական բանակ, մոտ 150 հոգի էինք՝ Ախալցխայից, Նինոծմինդայից և Ախալքալաքից, սաքաներով (սահնակ) Բակուրյանով իջանք, ձուն էր ճամփան, վերջը հասանք Թիլվիզ, հագուստ տվեցին և տեղափոխեցին Երևան, ես ընկա հայկական դիվիզիա՝ 89-րդ դիվիզիայում էի, բոլկս՝ 526 , 3-րդ պատալիոն, 3-րդ ռոդ, կամանդիր զվոդ՝ Աշոտ Բաղդսայրան»,- առանց մի վարկյան անգամ տատանվելու, զինվորականին հատուկ հպարտությամբ ասաց Համբարձում Նուրիջանյանը:
«Բիլիմոնթին կեսը կրակել էի մեմա դեշես արյունը թռավ, ճվացի վիրավորվա, սանչասթ տարան, բժիշկը վերքս կապեց: Ինձի տարան մի տուն, որ այնտեղ մնամ, թևերուս տակն անցան ներս տարան նստեցուցին: Սղմված նստել էի, 65-70 տարեկան կնիկմ էր, ըսավ ազատ նստի հաշվե թե իմ երեխաս ես, հալավս փոխեցին, գլոխս լվացին, հաց տվին: Իսկ երկրորդ անգամ վիրավորվա թևիցս»,- հիշում էր Համբարձում Նուրջանյանը, ավելացնելով՝ «գնդակը մինչև հիմա էլ մարմնիս մեջ է»:
Գրոզնիում երկրորդ անգամ վիրավորվելուց հետո, Համբարձում Նուրիջանյանը 1944-ին հայտնվում է Թբիլիսիի Արամյանցի անվան հիվանդանոցում, բուժվելուց հետո միայն վերադառնում հայրենի գյուղ:
«Պատերազմը դժոխք էր, անոթի ծարավ, էման ժամանակ է եղել, որ մե հացով յոլա ենք գնացել, ձկի մե գլխով յոլա ենք գնացել, հավատասկը, մեր միշտա բոլկը ուժեղ դիմադրություն ցույց կուտար»,- ասաց պատերազմի վետերանը, հավելելով, որ այսօր աշխարհին խաղաղություն է պետք, մարդկություն, պատիվ ու շնորք: «Մեկս-մեկիս հարգենք, որպես մարդ, որպես ժողովուրդ, հանգիստ ապրինք: Մեր ժողովուրդը ուրուշ է, Ջավախքի ժողովուրդը ամեն տեղի ժողովրդեն գլոխ ժողովուրդ է, ամեն ինչով»,- եզրափակեց Համբարձում Նուրիջանյանը:
Համբարձում պապի մահվան կապակցությամբ մեր վշտակցությունն ենք հայտնում վետերանի ընտանիքին և հարազատներին:
Աղունիկ Այվազյան