83-ամյա Սիրական Գիգոլյանը միաժամանակ բնակվում է՝ և Ախալքալաքի շրջանի Խուլգումո և Նինոծմինդայի շրջանի Նոր Խուլգումո գյուղերում: Ամռանը բնակվում է իր իսկ ձեռքերով կառուցած բնակարանում՝ նոր Խուլգումոյում, իսկ ձմռանը որդու մոտ՝ հին Խուլգումոյում։
Չնայած այն հանգամանքին, որ նա հիմա ապրում է Ախալքալաքի Խուլգումոյում, երբ սկսում է խոսել նոր Խուլգումոյի մասին անսահման սիրով ու կարոտով է պատմում անցած օրերի մասին:
Նոր Խուլգումոյում մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և ձկնորսությամբ։ Գյուղում երիտասարդների համար զբաղմունք չկա, ոչ սպորտդահլիճ կա, ոչ որևիցե մեկ այլ զբաղմունքի կենտրոն։ Այստեղ ապրում են հայ կաթոլինկներ, բայց եկեղեցի չունեն։ Գյուղում չկա նաև ամենաանհրաժեշտը՝ խանութ։ Գյուղացիները հարևան գյուղ Փոկա են գնում առևտուր անելու համար։ Սիրական Գիգոլյանն էլ հացը գնում է այնտեղից, գյուղի երիտասարներից ով գնում է Փոկա, նրանց էլ խնդրում է հաց բերել իր համար։
Նոր Խուլգումոյում չկա նաև մշակույթի տուն, իսկ դպրոցի շենքն անմխիթար վիճակում է։
Բնական գազն ու մնացած հարմարություններն այս գյուղ չեն հասել: Այստեղ մարդիկ դեռ աթարով են տաքացնում իրենց տները:
Գիգոլյանների ընտանիքը 1924 թվականին Ախալքալաքի շրջանի Խուլգումո գյուղից 18 ընտանիքների հետ մեկտեղ տեղափոխվում է Նինոծմինդայի շրջանի Խուլգումո գյուղ։ Հայրենի գյուղից տեղափոխվելու պատճառ է հանդիսացել ապրուստի միջոց հայթայթելը, նոր Խուլգումոյում արոտավայրերը շատ են, իսկ նրանք այնտեղ անասնապահությամբ են զբաղվել։ Ինչպես Սիրական պապն է նշում, այստեղ շատ լավ են ապրել, ոչ մի բանի կարիք չեն զգացել։
Սիրական Գիգոլյանը մինչև 8-րդ դասարան սովորել է Տամբովկայի հայկական 8-ամյա դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Թրիալեթիում։ Տիրապետում է հայերեն, վրացերեն, ռուսերեն և թուրքերեն լեզուներին։ Ընտանիք է կազմել 1963 թվականին, ամուսնանալով Աշխենի հետ, ով Կարտիկամ գյուղից է եղել։
Աշխենին՝ ապագա տիկնոջը տեսել է աղբյուրից ջուր տանելու ժամանակ, սիրահարվել ու որոշել ամուսնանալ։
«Կարտիկամում հորաքույր ունեի, երբ բանակից վերադարձա գնացի տեսակցության, այդ ժամանակ էլ կնոջս տեսա, աղբյուրից ջուր էր տանում։ Հենց այդ պահին մոտեցա և ասացի, որ մենք պետք է ամուսնանանք։ Նշանվեցինք, մի տարի հարսնացու մնաց, այնուհետև հենց մեր նշանդրեքի օրը հարսանիք արեցինք։ Առաջ բոլորն էլ այդպես էին անում, ավանդույթ էր», – առանձնակի ոգևորությամբ պատմում է Սիրական Գիգոլյանը։
83-ամյա պապիկը պատմում է, որ կնոջը շատ է սիրել և ամեն անգամ ինչ-որ տեղ գնալիս, միշտ տարբեր գույնի ու ձևի գլխաշորեր է նվեր բերել կնոջը: Այդ գլխաշորերը նա շարունակում է խնամքով պահել մինչև այսօր։
Գիգոլյանները 12 երեխա են ունեցել՝ 9 տղա և 3 աղջիկ։ Հիմա Սիրականի մեծ ընտանիքը բաղկացած է 52 անդամից, 26 թոռ և 2 ծոռ ունի, 9 հարս և 3 փեսա։ Նրա բոլոր երեխաները ծնվել են Նոր Խուլգումոյում։ Նա դժվարություն չի տեսնում 12 երեխայի մեծացնելու հարցում, հակառակը շատ ուրախ ու գոհ է, որ բազմազավակ հայր է։
«Ես այնքան ուրախ եմ, որ շատ երեխաներ ունեմ, թոռներ ունեմ։ Փառք եմ տալիս Աստծուն, որ այդքան զավակներիս մեջ ոչ մի արատավոր չունեմ», – ասում է Սիրական պապը։
Ծոցագրպանից դրամաբանակն է հանում, որտեղ խնամքով պահում է մի թուղթ, որի վրա հերթականությամբ գրված է երեխաների անունները և ծնված թվականները:
Հին Խուլգումո, այսինքն՝ Ախալքալաքի շրջանի Խուլգումո գյուղ Գիգոլյանները վերադարձել են 2001 թվականին: Որդիներն այստեղ են ամուսնացել և չեն վերադարձել Նինոծմինդայի շրջանի նոր Խուլգումո։ Հիմա Սիրականն իր կրտսեր որդու հետ ապրում է, իսկ նոր Խուլգումոյի տան դռները բացվում են միայն ամռան ամիսներին։
«Հողեր ունեմ տալիս եմ վարձով, ես իմ տունը շատ եմ սիրում, գյուղս շատ եմ սիրում, ես այնտեղ ազատություն եմ զգում։ Ձմեռները գալիս եմ այստեղ, այնտեղ մնամ ինչ անեմ, եթե մեռնեմ տանելու են լիճը գցեն», – ծիծաղելով ասում է Սիրական պապիկը։
2010 թվականից իր տան ճանապարհը Սիրականը բռնում է մենակ, քանի որ կինն արդեն 10 տարի է մահացել է։
Չնայած այն հանգամանքին, որ գյուղում նորմալ ճանապարհ չկա, ձմեռը շատ խիստ է, Սիրականի համար դա դժվարություն չէ։ Նրա համար նոր Խուլգումոն ավելի հարազատ է։ Նա իր տանը հենց ինքն է պատրաստում ու սնվում, անգամ լավաշ է թխում։
Ներկա դրությամբ զավակների մի մասն ապրում են Ախալքալաքի շրջանում, իսկ մյուս մասը՝ Ռուսաստանում։
Գայանե Ակոջյան