Moderna ընկերությունը փոխել է իր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի անվանումը: Այս մասին հաղորդվում է Դեղերի եվրոպական գործակալության կայքում։

Պատվաստանյութն այժմ կկոչվի Spikevax: Նախկինում դեղամիջոցի անվանումը համընկնում էր ընկերության անվան հետ:

Moderna-ն Եվրոպայում հաստատված պատվաստանյութերի չորս արտադրողներից երրորդն է, որը տալիս է իր պատվաստանյութին ընկերության անունից տարբերվող կոմերցիոն անվանում: Pfizer/BioNTech–ի պատվաստանյութը մատակարարվում է «Comirnaty» անվան տակ, AstraZeneca–ի պատվաստանյութը՝ «Vaxzervia»: Janssen-ի դեղորայքը չունի առանձին անուն:

Մայիսին Պատվաստանյութերի համաշխարհային կոնգրեսը ամերիկյան Moderna ընկերության դեղորայքը ճանաչել էր որպես կորոնավիրուսի դեմ լավագույն պատվաստանյութ: Կարճ ցուցակում ներառված են նաև ռուսական Sputnik V պատվաստանյութը, ամերիկյան Janssen-ը և Novavax-ը, կանադական Medicago-ն, բրիտանա-շվեդական AstraZeneca դեղամիջոցը, Pfizer/BioNTech-ի պատվաստանյութը, Bharat Biotech հնդկական դեղագործական ընկերության արտադրությունը և Zoetis կենդանիների համար նախատեսված դեղամիջոցը: