«Բոլորիս, բացի երեք հոգուց, ազատ են արձակել: Ոստիկանության ներկայացուցիչը բերեց գումարը…», – ֆեյսբուքում գրել է պատանդներից Իրակլի Կվարացխելիան, ով նախկինում զավթչի թույլտվությամբ կապ էր հաստատել լրագրողների հետ և ուղիղ եթերում բարձրաձայնում էր իր պահանջները:
Կվարացխելիան հաղորդել է, որ իրեն, բոլոր ազատ արձակվածների հետ միասին, հարցաքննության են տարել տեղի ոստիկանության բաժանմունք՝ ցուցմունք տալու համար:
Մի քանի հեռուստաընկերություններ անմիջապես ցուցադրել են կադրերը, թե ինչպես է զավթիչը դուրս գալիս, թաքնվելով պատանդների հետևում՝ բոլորը տղամարդիկ են: Երեքը շղթայակապված են, որոնք օգտագործվում են որպես վահան: Իսկ չորրորդը ոստիկան է: Նրա ձեռքերն ազատ են, նա քայլում է նրա հետեւից, ձեռքերում փոքր պայուսակ է, ենթադրաբար՝ փողով:
Կադրերից երևում է, թե ինչպես է հանցագործը ձգված ձեռքում պահում նռնակը: Միևնույն ժամանակ, ոստիկանությունը շրջափակված տարածքից դուրս է բերում պատանդությունից ազատված կանանց:
ՇԼՄ-ների վարկածն է՝ Շրջանային ոստիկանության պետը բանակցությունների ընթացքում ինքնակամ իրեն պատանդ է հանձնել: Տեղի լրագրողները պնդում են, որ կադրերում ճանաչել են նրա դեմքը:
Որտեղ է գտնվում պատանդների հետ միասին հանցագործը՝պարզ չէ, ենթադրաբար, նա դեռ պահում է իր մոտ երեք հոգուն, որոնց հետ նա դուրս է եկել շենքից: Ներքին գործերի նախարարությունից դեռ մեկնաբանություններ չեն արվում:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Զուգդիդիի կենտրոնում գտնվող «Վրաստանի բանկի» մասնաճյուղերից մեկում հրազենով ու նռնակով զինված մի մարդ պատանդներ էր վերցրել: Դեպքի վայրից անվտանգ հեռանալու համար հանցագործը պահանջում է կես միլիոն դոլար և ուղղաթիռ:
Այս պահին իրավապահները աշխատում են բանկի մասնաշենքում, բանկի հարակից տարածքը շարունակում է մնալ շրջափակված: