Մայիսի 6-­ին Ախալքալաքում անցկացվեց «Մաքրենք Վրաստանն աղբից» ակցիան, որին մասնակցեցին Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները, առանձին կազմակերպություններ և շարքային բնակիչներ։

Վրաստանի կանաչների համընդհանուր շարժման «Մաքրենք Վրաստանն աղբից» ծրագրի շրջանակներում, Վրաստանի բոլոր շրջաններում անցկացվում են նման միջոցառումներ, որտեղ մասնակցում են շրջանի ղեկավարները, տարբեր կազմակերպություններ: Նախապես մշակվում է պլան, ըստ որի որոշվում են ամենակեղտոտ վայրերը ու այնտեղ կատարում մաքրման աշխատանքներ։

«Ակցիայի մասնակիցները բաժանվում են 2 կամ 3 խմբի և սկսում մաքրման աշխատանքները։ Այսօր եղանակային պայմաններից ելնելով մեր պլանները բավականին փոփոխվեցին, քանի-­որ նախապես որոշված օրը ապրիլի 22-­ն էր, իսկ մեզ մոտ ապրիլի 21-­ին ձյուն տեղաց։ Այնուհետև հաջորդեցին անձրևային եղանակները, դրա համար նախատեսված օրը չանցկացվեց ակցիան։ Այսօր նույնպես ամպամած է եղանակը, սակայն մենք սկսել ենք մաքրման աշխատանքները, չնայած անձրևը կրկին փորձում է խանգարել»,­ – մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքում «Կանաչների շարժման» կոորդինատոր Արմեն Մարանգոզյանը։

Առաջին տարածքը, որը մաքրվեց աղբից՝ Տավշան Թափայի հարավային հատվածն էր, որտեղ սիրում են հանգստանալ Ախալքալաքի բնակիչները: Եղանակը խանգարեց ակցիային և Ախալքալաքի բերդի տարածքը, որը ևս նախատեսված էր մաքրել, չմաքրվեց անձրևի պատճառով:

Այս ծրագիրը Ախալքալաքում արդեն 8 տարի է ինչ իրականացվում է, որի նպատակն է ոչ միայն մաքուր պահել շրջակա միջավայրը, այլ նաև հասարակությանը օրինակ ծառայել, խրատել։

Տարածքները, որտեղ անցկացվել և անցկացվում է մաքրման աշխատանքները հիմնականում հանգստյան գոտիներ են։ Այսօր Տավշան Թափայի որոշ հատված մաքրվեց աղբից այն հույսով, որ մարդիկ նկատելով մաքրածը այլևս չեն թափի աղբը։
shabat1
Ջուլիետա Տոնականյան