Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը կարծում է, որ Ռիոնիի կիրճում «Նամախվանի ՀԷԿ» կասկադի կառուցման շուրջ բռնկված բողոքի ակցիան չի ազդում վրացական շուկայի նկատմամբ թուրք ներդրողների վերաբերմունքի վրա: Նրա խոսքով՝ Անկարան թույլ չի տա նման բան:
«Չեմ կարող ասել, որ սա իր ազդեցությունը կարող է ունենալ, մենք թույլ չենք տա, որ «Նամախվան» ՀԷԿ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ազդեն թուրք ներդրողների վրա: Սա ոչ միայն թուրքական ներդրում է, այլ ներդրում է էներգետիկ ոլորտի ընդհանուր շրջանակներում, որն անմիջականորեն կապված է Վրաստանի էներգետիկ անվտանգության հետ: Այնպես որ, անկախ նրանից, թե որոշ շրջանակներ կփորձեն շահարկել նախագիծը՝ հանուն թուրք-վրացական հարաբերությունների սաբոտաժի, ես կարծում եմ, որ դա նրանց մոտ չպետք է հաջողվի:
Մինչ այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են, թուրք այլ ներդրողները շարունակում են գալ Վրաստան, զրուցել կառավարության, գործընկերների հետ, կյանքը շարունակվում է, բայց շատ կարևոր է, թե ինչպես կլուծվի այս հակամարտությունը», – հայտարարել է դեսպանը:
Միևնույն ժամանակ, դիվանագետը հույս է հայտնել, որ թուրքական ներդրումները Վրաստանում կպաշտպանվեն այնպես, ինչպես Թբիլիսին կցանկանար պաշտպանել իր ներդրողներին Թուրքիայի տարածքում:
Հիշեցնենք, որ Ռիոնիի կիրճում հիդրոէլեկտրակայանի շինարարությունն իրականացնում է թուրքական ENKA ընկերությունը: Նախագծի շուրջ անդադար բողոքի ակցիան շարունակվում է 2020-ի աշնանից: Հունիսի 12-ին Նամախվանի հիդրոէլեկտրակայանի կառուցման հակառակորդները և Վրաստանի իշխանությունները համաձայնեցրել են մեդիացիայի մեկնարկի պայմանները: Բանակցություններում ENKA-ի ներկայացուցիչները ներկա չեն եղել: