Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության հրամանատար, գեներալ Կրիստոփեր Կավոլիի հետ: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության էջը:

Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել գեներալին Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման գործընթացին աջակցելու համար և ընդգծել այցի կարևորությունը։ Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները։

Վարչապետի խոսքով, եվրոպական և եվրատլանտյան ինտեգրացիան և ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ` երկրի հիմնական առաջնահերթություններն են, և այդ ուղղությամբ դաշնակիցների աջակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի։

Հանդիպմանը Ղարիբաշվիլին հստակորեն հաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու աջակցել և նպաստել ՆԱՏՕ-ի ջանքերին՝ ուղղված Սևծովյան տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը։

«Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Վրաստանի պաշտպանունակության բարձրացման հարցում ԱՄՆ–ի աջակցությանը և նշվել է երկրի ներդրումը ընդհանուր եվրատլանտյան անվտանգության գործում։

Նշվել է, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում Վրաստանը ակտիվորեն մասնակցել է ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող միջազգային առաքելություններին և պատրաստ է ապագայում կանգնել ՆԱՏՕ-ի դաշնակիցների և այլ գործընկեր երկրների կողքին՝ աջակցելու համար հյուսիսատլանտյան անվտանգությանը։

Զրույցն ընթացել է նաև Ուկրաինայում ընթացող պատերազմի և տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ցուցաբերած ամուր աջակցության համար։