Ջավախքի բնակիչները դեռ ամառ չեկած արդեն սկսել են պատրաստվել ձմռանը: Նինոծմինդայի շրջանի Ժդանովի գյուղում կանայք «բասմա» են փռում, որ ձմռանը վառելիք ունենան։
Բանն այն է, որ մինչև հիմա Ջավախքի մի շարք գյուղեր, այդ թվում՝ Ժդանովը գազաֆիկացված չէ, այդ իսկ պատճառով ամառվանից գյուղացիները սկսում են «բասմա» տրորել, որ մինչև ձմեռ հասցնի չորանա:
Այս գյուղում ապրում է շուրջ 120 ընտանիք։ Ժդանովում մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Հիմնական և առաջնային խնդիր գյուղացիները համարում են գազաֆիկացման բացակայությունը։
Ժդանովի կանայք արդեն «բասմա» են փռում։ Միասին խոսելով, պատմություններ անելով «պասման» են տրորում։ Նրանք այդ գործը անում են, քանի որ գյուղում գազ չկա։ Ինչպես իրենք են նշում, ամեն անգամ ընտրություններից առաջ գնում խոստանում են, որ գազը գյուղ կհասցնեն, բայց ապարդյուն։
«Ուզենք-չուզենք «բասմա» ենք գցելու, պետք է ձմռանը վառենք, մեր մոտ 7 ամիս ձմեռ է, 5 ամիս գարուն, հասցնում ենք մեկ անգամ գցել, հանել ու չորացնել։ Ես հիվանդ ոտքով եմ տրորում «բասման», իսկ պետությունը ի՞նչ է մտածում, չեն ուզում գազ հասցնել մեր գյուղ», – ասում է Ժդանովի բանկիչներից մեկը:
Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանն ասում է, որ քաղաքապետարանը ներկայացրել է այն գյուղերի ցանկը, որտեղ գազաֆիկացում չկա, ե՞րբ պարզ կլինի, ո՞ր գյուղերն են այս տարի գազաֆիակացվելու, նա չի կարող ասել։
«Պետական ծրագրով ներկայացրած է այն գյուղերի ցանկը, թե որտեղ գազաֆիկացում չկա, բայց դեռ տեղեկություն չունենք այն մասին, թե կոնկրետ Սամցխե-Ջավախքի որ մունիցիպալիտետի, որ գյուղերի համար է նախատեսված, երբ կլինի կոնկրետ պատասխան, չեմ կարող ասել։ Մեր մոտ գազաֆիկացում չկա Գորելովկայի և Դամբովկայի թեմերում, մյուս բոլոր գյուղերում կա», – ասում է Անիվարդ Մոսոյանը։
փաստենք, որ Նինոծմինդայի շրջանում գազաֆիկացում չունի 7 գյուղ, Դամբովկայի թեմում երեք գյուղ՝ Դամբովկա, Ռադիոնովկա ու Ասպարա (Վլադիմիրովկա), սակայն Ասպարաում ներկա դրությամբ մի ընտանիք է բնակվում, իսկ Գորելովկայի թեմում՝ Եֆրեմովկա, Օրլովկա, Ժդանով, Սամեբա:
Գայանե Ակոջյան