Կադրերը, որտեղ երևում են երեխաների հանդիպումները սոցիալական աշխատողների հետ, ուրբաթ օրը տարածել էր Վրաստանի Ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս Սպիրիդոնը (Աբուլաձե), որը Նինոծմինդայի մանկատան վարիչն է:

Տեսանյութում Սխալտիի արքեպիսկոպոսը բարձրախոսով և երեխաների ներկայությամբ զրուցում է նրանց ծնողների հետ, հետաքրքրվելով` արդյո՞ք գոհ են նրանք ամեն ինչից: Նա նաև ստիպում է անչափահասներին պատասխանել, ցանկանում են արդյո՞ք նրանք լքել գիշերօթիկ դպրոցը: Երեխաները այդ ընթացքում լաց են լինում: «Ես միայն ուզում եմ իմ մայրիկին», – ասում է փոքրիկ, արցունքոտ աչքերով աղջիկը:

Մանկատան սաների դեմքերը փակված չեն կադրերի մեջ: Ավելին, հաստատության ղեկավարը նրանց անուններով է դիմում և բարձրաձայն ասում ծնողների կոնտակտային տվյալները:

Իրավապաշտպան Աննա Աբաշիձեն, «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» (PHR) ՀԿ-ի ղեկավարը, անհապաղ տեղեկացրել է Վրաստանի ՆԳՆ-ին տեսանյութի հրապարակման մասին: Նա պահանջում է, որ դատարանը արգելի եպիսկոպոս Սփիրիդոնին մոտենալ երեխաներին:

Վրաստանի ՄԻՊ գրասենյակը միջադեպը որակել է որպես «անչափահասների իրավունքների շարունակական ոտնահարում»: Հանրային պաշտպանը հորդորել է ՆԳ նախարարությանը անհապաղ ապահովել անչափահասների պաշտպանությունը ճնշումից և հետաքննություն սկսել ենթադրյալ հոգեբանական բռնության առթիվ, իսկ Առողջապահության նախարարությանը՝ շարունակել շահառուներին խնամակալության մեկ այլ ձևի տեղափոխելու գործընթացը:

Շուտով Վրաստանի պետական տեսչական ծառայությունը հայտարարել էր ստուգում սկսելու մասին: Միեւնույն ժամանակ, վարչությունը կոչ էր արել «հաշվի առնել երեխաների լավագույն շահերը և հետագայում զերծ մնալ տեսաձայնագրությունների տարածումից»:

«Սոցիալական ցանցում մանկատան շահառուների մասնակցությամբ տեսանյութեր է տարածվում, որոնց վրա անչափահասներին հեշտությամբ կարելի է նույնականացնել: Պետական տեսուչի ծառայությունը սկսել է ուսումնասիրել մանկատան անչափահաս շահառուների մասնակցությամբ տեսաձայնագրությունների հրապարակման հարցը:

Երեխաների, և առավել եւս` մանկատան շահառուների գաղտնիության ոտնահարումը, կարող են անդառնալի վնաս հասցնել երեխայի հոգեբանությանը, նրանց զարգացմանը, սոցիալական հարաբերություններին և ապագա կյանքին, նվաստացնել նրանց արժանապատվությունը, խորանել նրանց, ենթարկել խտրականության և բացասական ազդեցություն ունենալ նրանց վրա, նրանց հուզական վիճակի և զարգացման վրա», – ասվում է Պետական տեսչական ծառայության հայտարարության մեջ:

Տեսանյութի հրապարակմանն արձագանքել է Վրաստանի Աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարարությունը: Նախարարությունից հայտնել են, որ այս փաստի կապակցությամբ Թրաֆիքինգի զոհերի և պետական խնամակալության աջակցության գործակալությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ:

«Նշված կադրերը պարունակում են անչափահասների նույնականացված տեղեկություններ և երեխաների իրավունքների խախտումներ: Խնամակալության պետական գործակալությունը կոչ է անում հանրությանը, այդ թվում` լրատվամիջոցներին, անչափահասների հետ կապված ցանկացած տեղեկատվություն լուսաբանելիս կամ բարձրաձայնելիս գործել օրենքին համապատասխան և երեխաների լավագույն շահերից ելնելով», – հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Պատրիարքարանի արձագանքը

Վրաստանի Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անդրիյա Ջաղմաիձեն նախորդ օրն անձամբ էր այցելել Նինոծմինդայի մանկատուն: Դուրս գալով հաստատությունից՝ նա պատասխանել է լրագրողների հարցերին և ասել, որ հրապարակված տեսանյութում «տագնապ առաջացնող ոչինչ չի տեսնում»:

Վրաստանի պատրիարքարանի ներկայացուցիչը նաև շեշտել է, որ մանկատան նախկին սաների «բավականին կոշտ հայտարարությունները» մինչ այժմ չեն հաստատվել:

Լրատվամիջոցները բազմիցս խոսել են Նինոծմինդայի մանկատան սաների վրա հոգեբանական և ֆիզիկական ճնշման աղմկոտ փաստերի մասին, օրինակ, որ երեխաներին ստիպում են ծնկաչոք սողալ և որպես պատիժ թողնում են առանց սննդի: Նրանց չի հաջողվել ստուգել տեղեկատվությունը, որը սովորաբար հիմնվում է նախկին շահառուների հայտարարությունների վրա: Վարչակազմը կտրականապես հրաժարվում է լրագրողներին և Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակիցներին գիշերօթիկ դպրոց ներս թողնելուց:

Մանկատան վարիչ եպիսկոպոսը, իր դիրքորշումը բացատրում է երեխաների համար հոգ տանելով: Նա սուր քննադատության է ենթարկում ՀԿ-ներին և Հանրային պաշտպանի գրասենյակին, իսկ լրատվամիջոցներին մեղադրում է հաստատության և նրա անչափահաս սաների դեմ բամբասանքով լեցուն արշավ իրականացնելու մեջ:

Այս շաբաթ հայտնի է դարձել, որ վերջին հինգ տարվա ընթացքում Վրաստանի ՆԳՆ-ն չորս հետաքննություն է սկսել Նինոծմինդայի գիշերօթիկ հաստատության սաների հանդեպ՝ բռնության ենթադրյալ փաստերի առթիվ, ներառյալ սեռական բռնությունը: Նախարարությունը հայտնել է, որ մանրամասն ուսումնասիրել է յուրաքանչյուր փաստ, սակայն հանցագործությունները հաստատող ապացույցներ դեռևս չեն հայտնաբերվել:

Նախօրեին հաստատություն էին թույլատրվել մտնել Պետական անվտանգության ծառայության, ինչպես նաև Բժշկական և դեղագործական գործունեության կարգավորման գործակալության ներկայացուցիչները: Սոցիալական աշխատողները հաղորդել են, որ գիշերօթիկ դպրոցից 16 անչափահասի կտեղափոխեն: Նրանցից ոմանք ցանկություն են հայտնել լքել հաստատությունը, իսկ մյուսներին տեղափոխելու որոշումը կայացվել է հոգեբանների հետ զրույցներից հետո:

Տեղափոխման գործընթացը շարունակվում է: Գիշերօթիկում այժմ մնում է մինչև 50 անչափահաս: Այս շահառուները որբացած կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են: