Ամեն տարի Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետները տեղական բյուջեից որոշակի գումար են հատկացնում իրազեկելու համար։ Ո՞ր լրատվամիջոցներն են գումարներ ստանում մունիցիպալ բյուջեից և ինչո՞ւ՝ կարդացե՛ք Jnews-ի նյութը:
2023 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեից, ընդհանուր առմամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետի 2023 թվականի բյուջեով «Տեղեկատվական ծրագրին» հատկացվել է 55 900 լարի։ Մունիցիպալիտետի հիմնական ֆինանսական փաստաթղթում նշված է, որ այս ենթածրագրով ֆինանսավորվում են «և լրատվամիջոցային, և ամսագրային ծառայությունները»։ Այդ ծախսերն արվում են «որպեսզի բնակչությունը հնարավորություն ունենա իրազեկ լինելու, թե ի՞նչ է կատարվում Վրաստանում և դրա սահմաններից դուրս»։ Նախորդ տարի այդ ծախսերի համար հատկացվել էր 47 900 լարի։ Բյուջեում չի խոսվում, թե կոնկրետ ո՞ր լրատվամիջոցների համար է նախատեսված այդ գումարը, սակայն բյուջեի աշխատանքային տարբերակով, որը ներկայացվել է պատգամավորների քննարկմանը, 2023 թվականի համար հատկացված գումարը ենթադրվում է բաշխել հետեւյալ կերպ.
Ընդ որում, մինչև 5000 լարիի գումարները բաշխվում են այս լրատվամիջոցներին ուղղակի պայմանագրերով, իսկ ամենախոշոր գումարը՝ տվյալ դեպքում 43 000 լարին, էլեկտրոնային մրցույթի շրջանակներում «պետք է» շահի տվյալ հեռուստաընկերությունը, այսինքն՝ «ATV 12»-ը: Մեր տեղեկություններով՝ քաղաքապետարանը մտադիր է ավելացնել «ATV 12» հեռուստաընկերության համար մրցույթի դրվող գումարը։ 2022 թվականին տեղական «ATV-12» հեռուստաալիքը տեղական բյուջեից ստացել էր 40 000 լարի, GUARDIAN.ge-ն՝ 4900 լարի, ExpressNews-ը՝ 3000, իսկ «Վրաստան» թերթը՝ 4006 լարի։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի բյուջեի հիման վրա 70 հազար լարի է հատկացվել «Հեռարձակողական և հրատարակչային գործունեության համար», որը պետք է ծառայի բնակչության իրազեկմանը։ Ըստ Նինոծմինդայի քաղաքապետարանի, տենդերը հայտարարվել և այն շահել է տեղական «Փարվանա» հեռուստաընկերությունը։ Նախորդ տարի Նինոծմինդան 60 000 լարի է հատկացրել իրազեկվածության համար։
Ջավախքի բնակիչների համար «ATV-12» և «Փարվանա TV» հեռուստաընկերությունների անունները հայտնի են, քանի որ վերջիններս գործում են Ջավախքում։ Հայտնի է նաև «Վրաստան» թերթը, որը շրջանում տարածվում է հիմնականում պետական ծառայողների և ուսուցիչների շրջանում, սակայն «Guardian» և «ExpressNews» կոչվող լրատվամիջոցների մասին քիչ բան է հայտնի։
Guardian.ge
Guardian.ge-ն Ախալքալաքի հետ կապված 50 հոդված է հրապարակել։ Նյութերի մի մասը վերաբերում է դպրոցներին, ուսուցիչներին, սակայն հիմնական մասը վերաբերում է մունիցիպալ իշխանությունների գործունեությանը։ Ախալքալաքից առաջին նյութը, դատելով «Ախալքալաք» բառի որոնման արդյունքներից, կայքում հրապարակվել է 2022 թվականի հունվարի 16-ին։ Ինչպես նաև Guardian.ge-ն հրապարակել է 234 հոդված Նինոծմինդայի մասին։ Կրկին նյութերը վերաբերում են տեղական իշխանությունների գործունեությանը, սպորտային միջոցառումներին, գենդերային խնդիրներին և այլն։ Առաջին հրապարակումը կատարվել է 2020 թվականի հունիսի 25-ին։ Կայքում բացակայում են տեղեկատվություն լրատվամիջոցի, դոնորների մասին և այլ կոնտակտային տվյալներ, բացի էլ. փոստի հասցեից:
ExpressNews.ge
ExpressNews.ge կայքը հրապարակել է Ախալքալաքի թեմայով 16 նյութ, որոնք կայքում սկսել են հայտնվել 2016 թվականից։ Այս կայքը հիմնականում պարունակում է նյութեր՝ կապված ձյան հետևանքով փակված ճանապարհների հետ։ Հրապարակվել է նաև 16 նյութ, որտեղ շոշափվում է «Նինոծմինդա» բառը, սակայն դրանց մեծ մասը պատրաստվել է Թբիլիսիում։ Նինոծմինդայի մասին նյութերը այս կայքում սկսել են հրապարակվել 2021թ.-ից:
Կայքը 5 լեզուներով է (վրացերեն, անգլերեն, ռուսերեն, հայերեն, ադրբեջաներեն), բայց հնարավոր չէ անմիջապես անցնել լրացուցիչ լեզուների, բացառությամբ վրացերենի, բայց կարելի է փոխել լեզուներն անմիջապես նյութից:
«Մեր մասին» բաժնում տեղեկություն է հրապարակված, որ «Expressnews լրատվական գործակալության բաժանորդներն ու օգտատերերը առանց ընդմիջումների (առցանց ռեժիմով) կստանան ամբողջական տեղեկատվություն Վրաստանում տեղի ունեցող բոլոր գործընթացների մասին»։ Նշված է նաև, որ դրա համար աշխատում են «գործակալության բարձր որակավորում ունեցող լրագրողներ», սակայն հիմնադիրների կամ խմբագիրների կոնկրետ անուններ չեն նշվում։ «Գործընկերներ» բաժնում նշված են Վրաստանի տարբեր բանկերը, պետական կառույցները կառավարության և տեղի մունիցիպալիտետների մակարդակով, ինչպես նաև բիզնես սեկտորից: