Կորնավիրուսը չի ազդել Կումուրդո (Գումբուրդո) գյուղի եկեղեցու վերականգնման վրա, աշխատանքները չեն դադարեցվել, սակայն ամբողջական վերականգնումը կտևի եւս մի քանի տարի:
2016 թվականին, երբ սկսվել էին վերանորոգման աշխատանքները, Jnews-ը հայտնել էր, որ աշխատանքները կտևեն մինչև 2021 թվականը: Այնուամենայնիվ, այս պահին պարզ է դարձել, որ վերջնական վերականգնման համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ:
«Այս պահին աշխատանքներ են տարվում վերականգնման ուղղությամբ: Այն շարունակվել է 2020 թ.-ին էլ: Ամեն դեպքում, գմբեթին կհասնենք հաջորդ տարի: Կհասնենք այդ փուլին, իսկ հետո կլինի որոշակի դադար, որի ընթացքում կհամաձայնեցվի գմբեթի կառուցվածքը և ձևը: Ոչ մի խնդիր չկա: Այնտեղ նախատեսված է ժամանակավոր գմբեթ կազմակերպել: Բայց որքան ես գիտեմ, համաձայնեցվել է, որ վերականգնողները գմբեթավոր կառույցներ են կազմակերպելու և մի քանի տարվա ընթացքում այդ արվեստաբանների և ճարտարապետների միջև կհամաձայնեցվի գմբեթի վերջնական տարբերակը: Այս պրոցեսն արագ չի լինի, ամբողջական վերականգնումը դեռ մի քանի տարի կտևի», – ասում է Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Բեքա Բարամիձեն:
«Կումուրդոյի (Գումբուրդո) եկեղեցու վերականգնում» 3 000 000 լարի արժողությամբ նախագիծը սկսվել է 2016-ի հուլիսին:
Գումբուրդո գյուղը նշանավոր է 10-րդ դարում կառուցված մոնումենտալ տաճարով, որը մինչ օրս էլ կանգուն է: Այն կառուցվել է Հովհաննես եպիսկոպոսի կողմից 957-964 թվականներին՝ Աբխազիայի թագավոր Լեոն III-ի և Զվիադ Էրիսթավիի օրոք: Այդ ժամանակ Գումբուրդոն Ջավախքի վրացի առաջնորդ Բագրատ IV Մեծի (1027-1072) նստավայրն էր, որն էլ հենց կառուցել է հարավային պատկերասրահը: