Աջարիայում տուրիստական սեզոնը պաշտոնապես կբացվի հունիսի 15-ից: Սևծովյան տարածաշրջանը պատրաստվում է ընդունել մեծ թվով զբոսաշրջիկների և հանգստացողների:
Ապրիլից ի վեր Աջարիա են այցելում Ուկրաինայից, Իսրայելից, Բելառուսից, Ղազախստանից, Սաուդյան Արաբիայից, Թուրքիայից ժամանած զբոսաշրջիկները: Այս երկրներից Բաթումիի ուղղությամբ կանոնավոր ավիաթռիչքներ են իրականացվում:
Աջարիայում բոլոր չորս ազգային պարկերն ու արգելոցները պաշտոնապես բաց են հյուրերի համար, իսկ սրճարաններն ու ռեստորաններն այցելուներին ընդունում են տեռասներում և փակ տարածքներում, այդ թվում՝ հանգստյան օրերին նույնպես:
Ծովափին հանգստանալու հետ մեկտեղ, Աջարիան հյուրերին կառաջարկի նոր զբոսաշրջային վայրեր և տուրիստական ապրանքանի: Աջարիայի առողջարանային և զբոսաշրջության վարչությունը հայտնում է, որ տարածաշրջանը զբոսաշրջիկներին առաջարկում է թիավարում, ծայրահեղ հեծանվային արահետներ և նոր երթուղիներ:
Դրանք են, մասնավորապես, թիավարումն Ուչխոյում, ծայրահեղ հեծանվային արահետը Քեդայում և Շուախևիում, պիկնիկի համար նոր վայրեր Ճիրուխիում, Կղափնիսթավիում և Շուամթա գյուղում: Բացի այդ, շրջանի հյուրերը կարող են այցելել Գորջոմի, Չվանա և Կինտրիշի կիրճեր:
Բարձրալեռ Աջարիայում ճանապարհորդել ցանկացողները զբոսաշրջային երթուղիների մասին մանրամասն տեղեկություններ կարող են ստանալ՝ 577 909093 տեղեկատվական կենտրոնի թեժ գծի միջոցով, ինչպես նաև Աջարիայի առողջարանային և զբոսաշրջության վարչության Զբոսաշրջային ապրանքների զարգացման գործակալության պաշտոնական պորտալում՝ https://visitajara.com/ka/routes։
Մինչդեռ վրացի համաճարակաբանները Վրաստանի քաղաքացիներին և զբոսաշրջիկներին հորդորում են պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար սահմանված բոլոր կանոնները:
Վրաստանը հաղթահարել է վիրուսի տարածման երրորդ ալիքի գագաթնակետը, բայց դեռ ամբողջությամբ չի անցել այն:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն վերջերս հիշեցրել էր, որ դիմակները պետք է կրել բոլոր զանգվածային հավաքատեղերում, նույնիսկ ծովափով կամ բուլվարով քայլելիս:
«Իհարկե, ծովում լողալու ժամանակ պարտադիր չէ դիմակ կրել», – ասել է Գամկղրելիձեն ճեպազրույցի ընթացքում:
«Եթե դուք գյուղում եք կամ անտառում և մենակ եք, ոչ ոք ձեզանից չի պահանջում դիմակ կրել, բայց եթե գտնվում եք մի վայրում, որտեղ մարդկանց զանգվածային բազմություն կա, ապա պետք է դիմակ կրել: Ծովում, երբ լողում եք, ոչ ոք ձեզանից չի պահանջում դիմակ կրել, բայց եթե քայլում եք Բաթումիի բուլվարով կամ Քոբուլեթիի փողոցներով, որտեղ շատ մարդիկ կան, ապա անհրաժեշտ է կրել դիմակ», – ասել է Գամկղրելիձեն: