Վրաստան այցելող օտարերկրյա քաղաքացիների համար Covid-ապահովագրությունը պարտադիր կլինի։ Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:

Նրա խոսքով, համապատասխան օրինագծի վրա արդեն աշխատում է հատուկ կառավարական հանձնաժողով, որը խորհրդակցում է ապահովագրական ոլորտի ներկայացուցիչների հետ:

Ապահովագրողներն իրենք ասում են, որ բազմիցս դիմել են Առողջապահության նախարարություն՝ նման առաջարկով, բայց այդուհանդերձ պատասխան երբեք չեն ստացել:

«Բենեֆիթ Ջորջիա»-ի վարչության պետ Նինո Կոբախիձեի խոսքով՝ զբոսաշրջիկների ապահովագրության ուղղությամբ աշխատանքներ սկսելն այժմ շատ ուշ է, երբ սահմաններն արդեն բաց են, և դա պետք է արվեր ավելի վաղ:

«Չնայած ուշացմանը, մենք հուսով ենք, որ այս հարցը հնարավորինս արագ կլուծվի: Մենք այս թեմայի վերաբերյալ մեր կարծիքը կներկայացնենք կառավարությանը, և դրա ընդունումն ամբողջովին կախված կլինի Առողջապահության նախարարությունից», – հայտարարել է նա:

Ըստ նրա՝ օտարերկրյա զբոսաշրջիկները գրավիչ շուկա են հանդիսանում բիզնեսի համար, և այս դեպքում խոսքը միայն կորոնավիրուսի ապահովագրության մասին է:

«Շեմը կկազմի 20-30 հազար լարի, և դա միանգամայն բավարար է կորոնավիրուսի բուժման համար, չնայած, իհարկե, կարող են լինել ծանր և մահացու դեպքեր: Այս բոլոր խնդիրները պետք է ուշադիր ուսումնասիրվեն», – հայտարարել է Նինո Կոբախիձեն:

«GPI հոլդինգ» ապահովագրական ընկերության հաղորդակցության գծով տնօրեն Թինաթին Ստամբոլիշվիլիի խոսքով, խորհրդատվություններն անցնում են նաև կորոնավիրուսի ապահովագրության առթիվ, և կոնկրետ որոշման մասին հայտնի կդառնա առաջիկա օրերին:

«Քննարկվում են ապահովագրության մոդելն ու պայմանները, որոնք պետք է հնարավորինս հարմար լինեն ինչպես արտասահմանցի զբոսաշրջիկների, այնպես էլ տուրիստական ​​ընկերությունների համար: Գոյություն ունեն այլևայլ տարբերակներ. Օրինակ՝ ապահովագրական պոլիս գնել օդանավակայանում կամ արդեն Վրաստանի սահմանին, միգուցե զբոսաշրջիկները կկարողանան իրենց երկրներում ձեռք բերել կովիդ ապահովագրություն: Բազմաթիվ մոդելներ և տարբերակներ կան, բայց ամենակարևորն այն է, որ ընդունող երկիրը պատասխանատու չլինի օտարերկրյա քաղաքացու համար, ով իր տարածքում կորոնավիրուսով վարակվել է: Թող դա լինի գոնե տեղական ապահովագրական ընկերությունների պատասխանատվությունը, որոնք դրա համար պրեմիաներ են ստանում», – հայտարարել է նա: